News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար-Վազաշեն հատվածում, որտեղ ճանապարհը վտանգավոր է դարձել եւ գրեթե չի օգտագորվում այն բանից հետո, երբ 2013թ. հոկտեմբերի 22-ին ադրբեջանական կողմը կրակեց այդ հատվածով ընթացող ավտոմեքենայի վրա, նոր շրջանցիկ ճանապարհը թեեւ ծրագրվում էր շահագործման հանձնել հունիսի 30-ին, սակայն դեռ ամբողջովին պատրաստ չէ։ Այսօր՝ հուլիսի 5-ին, շինհրապարակ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանին «Իջեւան-ճանշին» ընկերության պատասխանատուները տեղեկացրին, որ աշխատանքները ձգձգվում են տարբեր պատճառներով, որոնցից գլխավորը չդադարող կրակոցներն են։

«Կրակոցներն առաջ քիչ էին, հիմա հաճախակի են դարձել։ Դրա հետեւանքով աշխատանքներ կատարելը դժվար է, աշխատողներին համոզել է պետք։ Ճանապարհի անվտանգ լինելու համար տեղեր կան, որտեղ հողային պատնեշներ ենք կառուցում։ Հենց նախորդ օրը կրակոցներ եղան։ Աշխատողները վախեցան, գնացին, այսօր միայն համարձակներն են եկել աշխատանքի։ Շատ է լինում, որ աշխատող մեխանիզմի վրա են կրակում։ Լինում է, որ կրակում են, աշխատողները թողնում, գնում են, հետո նորից գալիս են։ Մենք մեր զինվորների հետ կապ ենք պահում։ Հենց կրակում են, գիտենք, որ իրենք էլ հակադարձ կկրակեն։ Գիտենք, որ պաշտպանված են»,- վարչապետի հետ Տավուշի մարզ այցելած լրագրողներին ասաց շինարարությունն իրականացնող ընկերության ավագ աշխատակից Դանիել Աբովյանը։

Աշխատակիցների խոսքով՝ կրակոցները հիմնականում թեեւ գյուղերի ուղղությամբ են, բայց հենց ճանապարհի ուղղությամբ գտնվող հակառակորդի հենակետից հաճախ են կրակում։ Հիմնականում կրակոցներն ընդմիջումներով են, երբեմն կրակում են անդադար, եւ բանվորները ստիպված են լինում անտառի միջով իջնել տուն հասնելու համար։

«Արդեն մեր մեքենաները ճանաչում են, հենց տեսնում են, կրակում են»,- պատմեցին բանվորները։

Շինարարության աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավված է 58 բանվոր, որոնց մեջ կան նաեւ 20-ամյա երիտասարդներ։ Երիտասարդները, սակայն, հենապատի կառուցմանը չեն մասնակցում։

«Ամենախիզախները տարիքով բանվորներն են։ Եթե մյուսները վախենում են, իրենք են բարձրանում, սկսում աշխատել»,- ասաց Դանիել Աբովյանը՝ նշելով, որ բանվորները հիմնականում հարակից գյուղերի բնակիչներն են։

Կրակոցները, աշխատակիցների խոսքով, սովորաբար հաճախակիանում են կեսօրին։

«Պերերիվից հետո խմում, շաշանում են, սկսում կրակել»,- NEWS.am-ի հետ զրույցում կատակեցին բանվորները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետի այցելության ժամանակ նույնպես հնչել են կրակոցներ։

Նշենք, որ ճանապարհի ամբողջ երկարությունը 3 կիլոմետր 180 մետր է։ Երկու ամենավտանգավոր հատվածներում կառուցվում է նաեւ հենապատ՝ կրակոցներից պաշտպանվելու համար։ Մի հատվածում այն ունի 75 մետր երկարություն, 3 մետր բարձրություն, իսկ առավել վտանգավոր հատվածում, 250 մետր երկարություն եւ  5 մետր բարձրություն։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյոք հենապատն ապահով է եւ սողանքները չեն կարող վտանգել այն, ինչին ընկերության պատասխանատուները պատասխանեցին, որ հենապատի հիմքը շատ ամուր է՝ ժայռին հենված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ