News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտի՝ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության արտադրության կազմակերպման աշխատանքների ընթացքին հետեւելու նպատակով:

2014 թ. փետրվարի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ էր ճանաչվել «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, որն էլ արդեն աշխատանքներ է սկսել Երեւանի Կաշեգործների փողոց 70 հասցեում գտնվող գույքային համալիրի տարածքում:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել շինհրապարակի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, հետաքրքրվել հետագա քայլերով: Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահ Գագիկ Գեւորգյանը վարչապետին տեղեկացրել է, որ ընկերությունը մոտ 14 մլն ԱՄՆ դոլարին համարժեք կապիտալ ներդրում է իրականացնում արտադրական եւ օժանդակ տարածքները վերանորոգելու, անհրաժեշտ ենթակառուցվածքներ հիմնելու, գույք ձեռք բերելու, հարակից տարածքը բարեկարգելու եւ կանաչապատելու ուղղությամբ: Նախատեսվում է, որ ԱՏԳ տարածքում գործունեություն կծավալեն արտերկրյա հեղինակավոր ընկերություններ, կստեղծվի շուրջ 1000-1200 աշխատատեղ: Նախնական մտադրությունների մասին արդեն համաձայնագրեր են կնքվել 8 ընկերության հետ՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ալժիրից, Հորդանանից, որոնց արտադրանքն արտահանվելու է ԱՄՆ, Ռուսաստան, ԱՄԷ, Իսրայել, Հնդկաստան, Չեխիա, Թաիլանդ, Հոնկոնգ, Ավստրիա, Բելգիա եւ այլն: Եվս 12 ընկերության հետ համագործակցությունը բանակցային փուլում է:

Տարածքում գործելու է ավելի քան 10.000 քմ մակերեսով ցուցահանդեսային կենտրոն՝ միջազգային ցուցահանդեսների, համաժողովների եւ զանգվածային այլ միջոցառումների կազմակերպման համար: 2014 թ. հոկտեմբերին այստեղ տեղի կունենա «Երեւան շոու 2014» ոսկերչական միջազգային ամենամյա ցուցահանդեսը եւ Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) ամենամյա համաժողովը:

Ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտային զարգացման ռազմավարությունները մշակվել են ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում, որը միտված է տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը` արտահանման ներուժի բացահայտման եւ արդյունավետ իրագործման ճանապարհով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ