News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել եւ չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ եւ ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:

Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը եւ իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, եւ դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել»,- նշել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի եւ թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: «Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, եւ Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջեւ:

Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է»,- ասելէ  Սարգսյանը:

Նա նշել է, թե Հայաստանը շարունակելու ենք համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ: «Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլեւ մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:

Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով եւ անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման եւ «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ