News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հայ քաղաքական գործիչներն ակտիվորեն հետեւում են, սակայն առանց խաղադրույքների եւ գարեջրի: Առաջնության եզրափակչին ընդառաջ NEWS.am-ը հարցախույզ է անցկացրել՝ պարզելու համար, թե ում են երկրպագելու հայտնի գործիչները:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը համոզված է, որ չեմպիոն կդառնա Գերմանիան:

«Կիսաեզրափակչում Հոլանդիան կրելու է Արգենտինային, իսկ եզրափակչում արդեն Գերմանիան՝ Արգենտինային: Խաղերին հետեւում եմ երեխաներիս հետ՝ առանց գարեջրի, առանց խեցգետնի, առանց խաղադրույքների: Ուղղակի միասին նստում ենք, նայում ու ուրախանում: Օրինակ՝ Բրազիլիա-Գերմանիա խաղին ասացի, որ գերմանացիները 5 գոլից ավելին են խփելու, տեսա՞ք՝ ասածս կատարվեց: Խաղադրույք չեմ կատարում, եթե պիտի ղումարի մեջ մտնեմ, ավելի լավ ա՝ էդ գումարը տամ հարեւաններիս»,- ասում է ՀՀԿ-ական ամենասկանդալային պատգամավորներից մեկը:

Եթե «Շմայսն» ուրախ է Գերմանիայի հավաքականի սենսացիոն հաղթանակի համար, ապա կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խաղից հետո «տխուր դեմքով նստած է եղել, ինչպես որ Բրազիլիայի մյուս երկրպագուները»:

«Ես ի սկզբանե երկրպագում եմ հարավամերիկյան թիմերին, հատկապես Բրազիլիային եւ Ուրուգվային, բայց Ուրուգվայը դուրս մնաց, կիսաեզրափակչի ժամանակ էլ Բրազիլիան: Խաղից հետո ես տխուր դեմքով նստած էի: Իսկ հիմա կուզեմ, որ գոնե հարավամերիկյան թիմ հաղթի առաջնությունը: Այսինքն Արգենտինան հաղթեր Հոլանդիային, այնուհետեւ էլ եզրափակչում Գերմանիային: Ուզում եմ, որ 1986 թվականի առաջնությունը կրկնվի: Իսկ խաղերն ընդհանրապես դիտում եմ ընկերներիս հետ ինչ-որ մեկի տանը կամ որեւէ սրճարանում»,- ավելացնում է Բրազիլիայի երկրպագու նախարարը:

Առաջնությունը հյուրընկալող երկրին էր երկրպագում նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, որը, սակայն 7:1 հաշվից հետո հիասթափվել է իր սիրելի թիմից. «Ես երկրպագում էի Բրազիլիային, այդ թիմն ինձ հիասթափեցրեց, խայտառակություն էր երեկվա խաղը, չգիտեմ՝ ինչ էր դա: Իսկ եզրափակչում կարծում եմ, որ կլինի Արգենտինան, ցանկանում եմ, որ հենց նրանք էլ հաղթեն: Այդ հաղթանակը Մեսսիի համար եմ ուզում, չնայած Արգենտինան էլ իմ երազած Արգենտինան չէ: Իսկ ընդհանրապես ես հարավամերիկյան ֆուտբոլի սիրահար եմԿարծում եմ, որ եզրափակչում կլինի Արգենտինան, եւ կհաղթի հենց Արգենտինան, Մեսսիի համար եմ ուզում այդ հաղթանակը: Խաղերին էլ հետեւում եմ ընտանիքիս հետ, բարեկամներիս կամ ընկերներիս հետ, լինում է, որ սրճարանում ենք նայում: Սակայն խաղադրույքներ երբեք չեմ կատարում»:

Արգենտինայի հաղթանակին հավատում է նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը ամբողջ առաջնության ընթացքում ընդգծված ֆավորիտ չի ունեցել:

«Եզրափակչին կանխատեսում եմ Գերմանիա-Արգենտինա, իսկ չեմպիոնն էլ Արգենտինան կլինի: Իսկ ընդհանրապես Հայաստանին եմ երկրպագում, առաջնության ժամանակ հատուկ որեւէ մեկին չեմ երկրպագել: Եթե ժամանակ եմ ունենում, ընտանիքիս հետ անպայման հետեւում եմ խաղերին»,- ասում է Երեւանի ոստիկանապետը՝ նշելով, որ Բրազիլիա-Գերմանիա խաղից հետո Երեւանում անկարգություններ չեն եղել:

Ֆուտբոլային կրքերից հեռու է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Մարգարյանը: «Բելաջիոյի Գրիշը» առանձնապես ֆուտբոլով չի հետաքրքրվում, սակայն տեղյակ է Բրազիլիայի պարտության մասին:

Նշենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին:

Տպել
Ամենաշատ