News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դերասան Կարեն Մկրտչյանը կարող է փաստաթղթերով ապացուցել, թե ինչ բուժման կուրս է անցել Գերմանիայում, նա եւ իր հարազատները կասկածում են, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեւորգ Ալեքսանյանը, որն այսօր` հուլիսի 9-ին, գրառում էր արել այն մասին, որ Կարեն Մկրտչյանը խաբել է բոլորին եւ իր համար հավաքված գումարը բուժման համար չի ծախսել, իրականում ներկայանում է կեղծանունով:

Կարեն Մկրտչյանը չցանկացավ որեւէ կարծիք հայտնել գրառման մասին` նշելով, որ ինքը կարող է ամեն բան ապացուցել փաստաթղթերով:

«Ես ուղղակի նեղվում եմ: Ես չեմ ուզում ոչինչ ասել իր ասածի վերաբերյալ: Բոլոր փաստաթղթերը, իհարկե, կան»,- NEWS.am-ին ասաց Կարեն Մկրտչյանը:

Կարեն Մկրչյանի կինը` Մարիա Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում վրդովված ասաց, որ իրենք համոզված են, որ օգտատիրոջ անունն իրականում Գեւորգ չէ:

«Եթե ինքը կարող է իր գրածն ապացուցել, թող գա, ցանակացած հեռուստաընկերություն, ներկայացնի իր ապացույցները, ես կներկայացնեմ իմ ապացույցները: Ես տենց խնդիր չունեմ: Ես էլ կբերեմ Կարենի կամանդիրներին, իր հետ կռված ընկերներին, իր սաղ թղթերն ու կապացուցեմ, որ ինքը կռված է, եւ ազատամարտիկ է, առաջին կարգի հաշմանդամ է, բուժվել է եւ վիրահատվել: Դրա տակից ո՞նց ա դուրս գալու: Ես տեղնուտեղը իրան դատի կտամ, պատիվ կպահանջեմ, ու ինքը ինձ փող կտա, ես կինո կնկարեմ»,-ասաց Կարենի կինը՝ անդրադառնալով Գեւորգ Ալեքսանյանի այն պնդմանը, թե Կարեն Մկրտչյանը ստում է՝ ասելով, որ ինքը մասնակցել է Արցախյան ազատամարտին։

Մարիայի կարծիքով Գեւորգ Ալեքսանյան ներկայացած անձը պարզապես ինքն իրեն PR է անում։

«Թող գնա Գերմանիա, տեսնի` էնտեղ ինչ թվերից ա սկսում վիրահատությունը: 93 թվից էս կողմ էս մարդը զինվորականի թոշակ է ստանում։ Եթե նա չի կռվել, պատերազմ չի տեսել, մեդալները ուղղակի բերում, տալի՞ս են: Եթե դա ճիշտ ա` բերեք, ես էդ Գեւորգի ճակատը պաչեմ, թե չէ ես իրան դատի եմ տալիս: Ո՞վ ա էդ Գեւորգը, որ իր խոսքը արժեք ունի, հերոսի, հերոսի կամանդիրի բառը արժեք չունի, որ հերոսի նկարները, թղթերը արժեք չունեն: Ինչու ասելո՞վ ա, ես էլ էնքան բան կարամ ասեմ: Այսինքն էսքան մարդ էսքան ժամանակ սո՞ւտ էր խոսում»,-ասաց Մարիա Մկրտչյանը:

Նշենք, որ Գեւորգ Ալեքսանյան օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Կարեն Մկրտչյանը շառլատան է, որը խաբեությամբ կերել է իրեն հանգանակած 80,000 եվրոն»: Ֆեյսբուքյան օգտատերը կասկած էր հայտնել, թե Կարեն Մկրտչյանը ազատամարտիկ է եղել: Նա գրել էր, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, ինչը բուժելու համար անհրաժեշտ էր 80,000 եվրոյից ավելի քիչ գումար:

«Հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և խնդրում է նրան իրենո ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը պահանջվող ծախսերի մասին: Կարենն իհարկե դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80,000 եվրո արժողությամբ վիրահատռություն չեն անում»,-գրել էր օգտատերը:

Հիշեցնենք, որ Կարեն Մկրտչյանը բուժման կուրսը ավարտել եւ Հայաստան էր վերադարձել հուլիսի 7-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու։

Տպել
Ամենաշատ