News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօր` հուլիսի 9-ին կայացած դատական նիստին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ իրեն մեղադրանք են առաջադրել իր բարձրահասակ լինելու պատճառով,իսկ «Բանդայի գործը» շոու է:

«Էս ամենը, ինչ որ կազմակերպվեց շոու է, իսկ դատաքննության մասին վերջում կասեմ կարծիքս: Վկաներն էլ ցուցմունք էին տվել, թե իմ բոյը համապատասխանում է, էս վերջերս էլ Լինսի հիմնադրամի Բեզոյանը ելույթ ունեցավ, թե Ալիկ Սարգսյանը ասել է՝ գրեք իրենց վրա, ձեր թալանը կբերենք, հետ կտանք, իրենք էլ գրել են, որ համապատասխանում ենք մենք»,-ասաց մեղադրյալը:

Դավիթ Գալստյանն այսօր ցուցմոււնք տվեց՝ կարճ ներկայացնելով եղելությունը. «Հարցաքննության ժամանակ քննիչը կանչեց իր մոտ, բա թե՝ էս մի տարի ա, սաղ քաղաքը թալանում եք, ասեցի՝ թե տենց բան չկա, ինքն էլ պատասխանեց, բա թե՝ ձեր բանդային բռնել ենք: Երեւի մեր պարոն նախկին ոստիկանապետ Սարգսյան Ալիկը, մեկ էլ Բաբակեխյանը փորձում էին իրենց աթոռներն ամրացնեին, էն էլ չստացվեց»:

Մեղադրյալը պատմեց, որ իրեն խոշտանգումների են ենթարկել նախաքննության ընթացքում, իսկ ցուցմունքի տակ ստորագրել է՝ չիմանալով դրա բովանդակության մասին. «Ինձ գրկած էին տանում, բերում հարցաքննությունների, խոշտանգեցին, ծեծ ու ջարդ արեցին, հետո ասեցին՝ սրա տակ կստորագրես»:

Դավիթ Գալստյանը նշեց, որ ոստիկանության ապացույցներն անհիմն են, չեն հիմնավորում մեղադրանքը. «Տնից դուխին բերեցին, ասեցին՝ էս ա ապացույցը, հետո պարզվեց՝ տուժողի տնից 100 հատ դուխի են գողացել, մենք էլ սաղ ոհմակով, ռազբոյնիկներով այդ տանն էինք մնում  ու 100 դուխուց մի հատ գտան էլի գլխավոր ապացույց»:

Նշենք, որ Դավիթ Գալստյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ եւ բուժվել է հոգեբուժարանում:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Նշենք, որ ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում։

Տպել
Ամենաշատ