News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր՝ հուլիսի 10-ին, կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են իրենց 16 ամսվա աշխատավարձը, ինչպես նաեւ վերագործարկել գործարանը (ֆոտոռեպորտաժ):

Քիչ առաջ նաիրիտցիներին մոտեցավ կառավարության նիստի շտապող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացավ ընդունել 20 աշխատակցի եւ լսել նրանց բողոքները: «Ես առաջարկում եմ, որպեսզի հարցը լուծում ստանա, կառավարության նիստը կայանա, ինձ մոտ կբարձրանան ձեզանից մարդիկ, կներկայացնեն խնդիրները: Մեզ ժամանակ է պետք, որպեսզի ուսումնասիրենք խնդիրները»,- ասաց վարչապետը:

Գործարանի աշխատակիցները լրագրողների հետ զրույցում խնդրեցին չքաղաքականացնել իրենց խնդիրը։

«Մենք միայն աշխատանք ու աշխատավարձ ենք պահանջում, մեր հարցը սոցիալական է ու շատ եմ խնդրում քաղաքական ուժերին չքաղաքականացնել հարցը, մենք ուրիշ պահանջ չունենք։ Այսօր մենք գտնվում ենք շատ վատ վիճակում, չգիտենք մեր ապագան։ 2300 ընտանիք չգիտի իր վաղվա անելիքը, կան ընտանիքներ, որոնց բոլոր անդամները աշխատում են «Նաիրիտում» ու չգիտեն իրենց անելիքը»,- ասաց «Նաիրտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը։

«Նաիրիտի» աշխատակիցները  նշեցին, որ ոչ մի հույս չունեն վարչապետի հետ հանդիպումից։

«Աշխատող գործարանը 4  տարի է՝ կանգնեցրել են լավ ղեկավարներ երեսից, լույսի, ջրի վարձ չենք կարողանում տալ, երեխեքին մանկապարտեզ չենք կարողանում  տանել, մեծացել ենք,  բուժվել է պետք մեզ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» աշխատակիցներից մեկը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին բողոքող քաղաքացիները սպասում են, թե երբ կառավարությունից կընդունեն իրենց աշխատանքային խմբին: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանին մոտեցան նաեւ այլ քաղաքացիներ, որոնք խնդրեցին հանդիպում: Վարչապետը խոստացավ տարբեր օրերի հանդիպումներ նշանակել:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի 2300 աշխատակից, որոնք այս պահին չեն աշխատում: Նրանք չեն ստացել իրենց 16 ամսվա աշխատավարձը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ