News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Վանիչկա Հովակիմյանն ինքնասպանություն է գործել՝ ծառայակից ընկերների դրդմամբ: Այս մասին ասված է մեղադրական եզրակացությունում:

Ըստ մեղադրականի՝ ժամկետային զինծառայողներ Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ Պարույրին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է, համածառայակից, շարքային Վանիչկա Հովակիմյանը, մերկացրել են, ապա ստուգել նրա ուսապարկի պարունակությունը, իսկ այդ ամբողջ ընթացքում հայհոյել:

Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել են պահասենյակ եւ նրանից շորթել 30.000 ՀՀ դրամ գումար՝ իբր գողացված հեռախոսի համար: Այնուհետեւ Պարույրը ձեռքով բռնել է Վ. Հովակիմյանի օձիքից եւ քաշքշելով հարվածել նրա դեմքին, բռնել պարանոցից ու քաշել ներքեւ՝ հայտնելով, թե «այսօր տրուպ ենք տալու»: Վանիչկայի նկատմամբ բռնություն գործադրելու եւ հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետեւանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ են ներկայացրել նշված գումարը բերել մինչեւ 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, Շմավոնը սպառնացել է նաեւ Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետեւանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում: Տղաների այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում եւ այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:

Այս ամբողջի մասին իմացել են նաեւ վաշտի հրամանատար Արման Մուրադյանն ու օրվա հերթապահ, կրտեսեր սերժանտ Նարեկ Միտոյանը, սակայն նրանք ոչինչ չեն հայտնել հրամանատարությանը:

Նշենք, որ գործով դատական նիստերը սկսվել են արդեն: Գործում առկա է նաեւ մահացած զինվորի թողած գրությունը՝ «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ» ձեռագիր գրառմամբ զինապահարանի փեղկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրենց այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։

Տպել
Ամենաշատ