News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պետական այցով Ուրուգվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 10-ին,  այցելել է Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Գլնջյանի ողջույնի խոսքից հետո Սերժ Սարգսյանը դիմելով եկեղեցում հավաքված ուրուգվահայ համայնքի ներկայացուցիչներին, նշել է, թե ուրախ եւ հպարտ է հեռավոր Ուրուգվայում տեսնելու այսպիսի ազդեցիկ եւ կազմակերպված համայնք: «Հպարտ եմ, որ դուք կարողացել եք ձեր գործունեությամբ ոչ միայն հայաշունչ մթնոլորտ պահել, ոչ միայն ձեր զավակներին ասել, որ իրենք հայ են` լինելով Ուրուգվայի քաղաքացի, այլ նաեւ հարգանք եք վայելում եւ վաստակել եք այդ հարգանքը Ուրուգվայի մնացած բոլոր քաղաքացիների կողմից: Մենք իրարով ենք հզոր, մենք միասին ենք հզոր, եւ մենք միայն միասին կարող ենք հասնել մեր ազգային իղձերի կատարմանը»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետ ՀԲԸՄ Նուբարյան վարժարանում հանդիպում է ունեցել Ուրուգվայի հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների եւ բարերարների հետ: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ ակտիվ հասարակական եւ բարեգործական գործունեության համար ՀՅԴ եւ Հայ դատի Ուրուգվայի ներկայացուցիչ Արփի Հոչաչանյանը, բարերար Կարապետ Փիլավջյանը, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության զբոսաշրջության եւ սպորտի նախարար Լիլիան Քեշիշյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով: Նախագահը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրել սենատոր Ռաֆայել Միկելինին եւ Ուրուգվայի խորհրդարանի պատգամավոր Ռուբեն Մարտինես Ուելմոն: Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգեւները, շնորհավորել նրանց եւ մաղթել հաջողություններ:

Ավարտելով պետական այցը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով կմեկնի Չիլիի Հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ