News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Բավական է ընդամենը նայել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցների մեկնաբանությամբ ֆուտբոլային խաղերի ռեյթինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար, այդ թվում նաեւ՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստատեսության մարզական ծրագրերի տնօրեն Սերոբ Օհանյանը՝ մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: 

«Նախ եւ առաջ, Ռուբեն Հայրապետյանի կողմից մատնանշած օրինակը թեեւ հեղինակավոր ու հարգարժան մարդու, այնուամենայնիվ, մասնավոր կարծիք է։ Իսկ մեզ համար  արժեքավոր է յուրաքանչյուր հեռուստադիտողի, յուրաքանչյուր ֆուտբոլասերի կարծիքը»,- նշեց Օհանյանը եւ հավելեց. «Մեր խմբագրությունը յուրաքանչյուր օր տարբեր զանգեր ու նամակներ է ստանում ֆուտբոլասերներից եւ շատ հաճախ նրանց կարծիքները իրարամերժ են։ Ոմանց դուր է գալիս այս կամ այն մեկնաբանը, ոմանք էլ պահանջում են եթերից հանել մեկ այլ մեկնաբանի։ Եվ մենք դա նորմալ ենք ընդունում, որովհետեւ նույն մեկնաբանը չի կարող դուր գալ անխտիր բոլորին»։

Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի այն արտահայտությանը, թե հայ մեկնաբանների պատճառով հայերը Ֆուտբոլի աշխարհի խաղերը հետեւում են ռուսական ալիքներով, մարզական ծրագրերի տնօրենը պատասխանեց. «Բավական է ընդամենը նայել մեր մեկնաբանությամբ խաղերի ռեյթինգային տվյալները, օբյեկտիվ պատկերը տեսանելի կլինի բոլորի համար` այդ թվում նաեւ իր»: «Մեզ հաճախ ասում են նաեւ, որ երբեմն անցնում են ռուսական ալիքների, քանի որ հայ մեկնաբանների խոսքն ու ոճը իրենց դուր չի գալիս: Հայկական ասացվածք կա. «Հարեւանի հարսը միշտ էլ սիրուն է»։ Եթե կարդաք, թե ինչեր են գրում ֆորումներում ռուս ֆուտբոլասերները, ապա կտեսնեք, որ նրանք մտածում են ճիշտ մեր երկրպագուների պես եւ քննադատում իրենց մեկնաբաններին։ Դրանում կարող է համոզվել  յուրաքանչյուր ոք, բավական է միայն մտնել համապատասխան կայքեր»,- նշեց Սերոբ Օհանյանը:

Նրա խոսքով, ըստ երեւույթին, Ռուբեն Հայրապետյանը լսել է միայն այն, ինչ ցանկացել է լսել: «Իսկ ընդհանրապես՝ մեր մեկնաբանները միշտ աշխատում են ներկայացնել խաղի բոլոր տարրերը ե´ւ տեխնիկական, ե´ւ տակտիկական, ե´ւ հուզական ու հոգեբանական: Երբեմն խոսքով ընկնելով կամ կրքերին տրվելով՝ նրանք կարող են նույնիսկ կատեգորիկ լինել, բայց որեւէ ֆուտբոլիստի վիրավորել չեն փորձում: Իսկ այն դրվագը, որին հղում է անում պարոն Հայրապետյանը, երբ մեր երիտասարդ ու շնորհալի մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը ֆուտբոլիստի դանդաղկոտությունը նկատի ունենալով՝ ասել է, որ այդ ընթացքում ֆուտբոլիստը կարող էր հասցնել թերթ կարդալ ու մի բաժակ սուրճ խմել, վիրավորելու մտադրություն չի ունեցել: «Բոլորի կողմից սիրված» ռուս մեկնաբանների խոսքերը հաճախ առավել կոշտ ու կոպիտ են, քան մեր մեկնաբանների ասածը: Իսկ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարողանա կազմակերպել ֆուտբոլային մեկնաբանների միջազգային որեւէ սեմինար կամ փորձի փոխանակում, մենք հաճույքով կմասնակցենք դրանց՝ արհեստավարժության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասաց նա:

«Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների ներկայությանը ֆուտբոլային խաղերի մեկնաբանման ժամանակ՝ նախ եւ առաջ նշեմ, որ նրանք մեր պաշտպանության կարիքը չունեն, քանի որ օրենքով անձեռնմխելի են: Բայց քանի որ նրանք մեր հաղորդման հյուրերն էին, ուղղակի պարզաբանեմ. դա մեր կողմից արված փորձ էր, որն իմ կարծիքով հաջողվեց: Շատ շատերին դա դուր եկավ, թեեւ կային նաեւ դժգոհություններ: Պարոն Հայրապետյանը նշել է, որ ֆուտբոլն արվեստ է, արհեստ եւ քաղաքականություն. միանգամայն համաձայն եմ այդ կարծիքին եւ հենց այդ պատճառով էլ որոշեցինք մեր տաղավարում ֆուտբոլին մի փոքր քաղաքականություն ավելացնել: Մենք այսուհետ եւս դիմելու ենք տարատեսակ նորարարությունների ու հնարների, որպեսզի մեր հաղորդումներն ու հեռարձակումները դառնան ավելի դիտարժան, հետաքրքիր ու  բովանդակալից»,- ասաց Սերոբ Օհանյանը եւ հավելեց. «Մինույն ժամանակ, մեզ շատ հաճելի է, որ պարոն Հայրապետյանը հետեւում է մեր հաղորդումներին ու մեկնաբանների աշխատանքին։ Ես վստահեցնում եմ, որ երբ Հայաստանի ազգային հավաքականը նվաճի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգիր, մեր մեկնաբանները արժանի կլինեն նրանց խաղերը մեկնաբանելուն»:

Նշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, թե Հ1-ում ֆուտբոլային մեկնաբանումը խայտառակ վիճակի է, իսկ մեկնաբաններին պետք է արգելել մոտենալ ֆուտբոլին:

«Ո՞նց կարելի է գնահատականներ տալ նրանց աշխատանքին: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ երկրում Հանրային հեռուստաընկերությունը այսպիսի խայտառակություն մեկնաբանություն ունի: Նրանք ֆուտբոլ չեն մեկնաբանում, նրանք վատաբանում են, վարկաբերում ֆուտբոլիստներին, հավաքականներին, հակաեթերային բառեր օգտագործում: Ֆուտբոլը նրա համար է, որ մարդիկ հաճույք ստանան, սա արվեստ է, արհեստ, քաղաքականություն: Ֆուտբոլ չենք նայում տհաճություն զգալու համար»,- ասել էր ՀՖՖ նախագահը:

Տպել
Ամենաշատ