News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից հուլիսի 11-ին մահացած ժամկետային զինծառայող Մովսես Գասպարյանն ընտանիքի հետ ՌԴ-ի Տյումեն քաղաքում էր բնակվում, Հայաստան էր եկել՝ ծառայելու համար: Մովսեսի՝ Հայաստանում բնակվող տատիկի հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ տղայի ծնողները դեռ չգիտեն դեպքի մասին:

«Ճանապարհին են, գիշերը կհասնեն Հայաստան: Բայց չգիտեն՝ ինչ ա եղել: Հորեղբայրները գիտեն միայն, մամային, պապային ասել են՝ վիրավոր ա: Տատիկն էլ չգիտի, հիվանդ է, վատ վիճակում, առավոտ վեր էր կացել, լաց էր լինում: Ասում էր՝ շատ վատ եմ, մրմռում ա սիրտը, երեւի մի բան զգում ա»,- ասաց հարեւանուհի Ռիմա Ղազարյանը՝ նշելով, որ Մովսեսի տատիկը ամուսնու մահվանից հետո Հայաստանում միայնակ է ապրում, որոշել էր թոռան զորացրվելուց հետո նրա հետ մեկնել որդու մոտ:

Հարեւանները տեղեկացրին նաեւ, որ Մովսեսի եղբայրը մի քանի ամիս առաջ է զորացրվել, նույն զորամասում է ծառայել, ինչ եղբայրը: Մովսեսը դեպքից օրեր առաջ արձակուրդ է եկել,  հարեւանների խոսքով՝ օրերն էր հաշվում, թե երբ է զորացրվելու:

«Մի 10 օր առաջ էր օտպուսկ եկել: Պատմում էր, որ իր մոտ ընկերոջը խփել էին: Ասում էր՝ մնացել է 136 օր, որ գամ, օրերն եմ հաշվում»,-պատմեց հարեւանուհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել է ժամկետային զինծառայողին:

Տպել
Ամենաշատ