News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ արձանագրելով, որ աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում հասարակական կարգի խախտման դեպքեր չեն արձանագրվել:

Ոստիկանության՝ լիրիկական զեղումներով լի հաղորդագրությունում ասվում է. «Արդեն մեկ ամիս աշխարհը բռնած ֆուտբոլային տենդը չշրջանցեց նաեւ Հայաստանը: Բնակա՛ն է: Եթե մենք ֆուտբոլային տերություն էլ չենք, համենայնդեպս այդ հրաշալի խաղը սիրելու եւ վայելելու գեղեցիկ ավանդույթներ ունենք, որոնք տարեցտարի հարստանում են նաեւ եվրոպական ու համաշխարհային ավանդույթներով:

Հայկական ֆուտբոլասիրությունը բնակարաններից տեղափոխվում է սրճարաններ, գարեջրատներ, հատուկ բացօթյա վայրեր, որտեղ մեծ էկրանների առաջ հավաքված հարյուրավոր մարդիկ միահամուռ ցավում են իրենց սիրած թիմերի համար: Ֆուտբոլային մենամարտերի դիտումը մեզանում էլ դարձել է զանգվածային միջոցառում՝ իր բոլոր դրական ու բացասական դրսեւորումներով:

Դրականին չանդրադառնանք, իսկ բացասականն, օրինակ, խաղին զուգահեռ ոգելից խմիչքի օգտագործումն է, ախոյան թիմերի երկրպագուների հանդիպումը նույն տարածքում, ոգեւորության կամ հիասթափության անթույլատրելի արձագանքները եւ այլն, եւ այլն: Ու պատահական չէ, որ Բրազիլիայից հազարավոր կիլոմետրերով հեռու Հայաստանում էլ ոստիկանները, բրազիլացի գործընկերներից ոչ պակաս աչալրջությամբ, հսկում են ֆուտբոլի հանրային դիտման տարածքները, հետեւում, որ չխախտվի հասարակական կարգը, ֆուտբոլասերների կիրքը մնա համակեցության շրջանակներում: Եվ ամենակարեւորը՝ հետեւում ու հսկում են աննկատելիորեն, անհարկի միջամտությամբ չփչացնելով մարզական տոնը, մնալով ոչ պակաս ֆուտբոլասեր, բայց եւ հստակ ապահովելով ֆուտբոլասերների անվտանգությունը:

Արդյունքն ակնհայտ է. անցած մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության համապատասխան ստորաբաժանումների իրականացրած կանխարգելիչ գործողությունների շնորհիվ, ֆուտբոլի աշխարհի առաջնության հանրային դիտման վայրերում չի արձանագրվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք, ոչ մի բախում ֆոտբոլասերների միջեւ: Նույն կերպ՝ որեւէ միջադեպ չի արձանագրվել նաեւ բուքմեյքերական գրասենյակներում, որոնց տարածքը նաեւ տեսահսկվում է, իսկ գումարների տեղափոխումն ուղեկցվում է ոստիկանական կարգախմբերով: Սա նույնպես չափազանց կարեւոր է, քանզի այստեղ զուտ ֆուտբոլային կրքերին գումարվում է նաեւ մեծ փողերի գայթակղությունը...»:

Տպել
Ամենաշատ