News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


28-ամյա Գարիկ Միքայելյանը, որը 2007թ. բանակում էլետրահարման հետևանքով կորցրել է ձեռքերը, պրոթեզավորված ձեռքերով նկարում է բնանկարներ, նատյուրմորտներ, աբստրակտ նկարներ:

Գարիկ Միքայելյանը սկսել է նկարել դեռևս փոքր տարիքից, բայց իր հետ կատարված դեպքից հետո նկարելը նրա համար դարձել է կենսակերպ:

«Այդ դեպքից հետո առաջին անգամ նկարեցի 2010թ., վեց ամիս հետո ևս մի նկար արեցի, իսկ ավելի հաճախ սկսեցի նկարել անցած տարի: Սիրում եմ նկարել բոլոր գույներով, բայց ավելի շատ սիրում եմ օգտագործել այնպիսի նյութեր, որոնք դժվար է պատկերացնել, որ կարող են իրար կողք լինել: Ամենից շատ սիրում եմ Վան Գոգի նկարները, դրանք իմ վրա ամենամեծ ազդեցությունն են ունենում: Նրա կյանքը, ապրելակերպը իմ համար ավելի հասկանալի են»,-ասում է ինքնուս նկարիչը։

Գարիկի համար հատկապես կարևոր նշանակություն ունի իր «Ճանապարհ դեպի լույս»  նկարը։

«Այդ նկարը առանձնանում է նրանով, որ այդ ճանապարհը չնայած մութ է,  բայց արևը վերջում երևում է: Ինձ նմանեցրի մի ճանապարհի, որը կյանքի ճանապարհ է, ինքը իրանով շատ հույս տվող էր»,- ասում է Գարիկ Միքայելյանը:

Գարիկ Միքայելյան մոր՝ Գոհար Պապյանի խոսքով՝ որդում մոտ նկարելու ջիղ վաղուց էին նկատել, հետո միանգամից հրաբուխի նման այն արթնացավ։

 «Սկզբում, երբ մարդիկ տեսնում են Գարիկի նկարները չեն հավատում,  որ ինքն ա նկարել, բայց հետո հիանում են, թե ինչպես է Գարիկն այդքան համբերությամբ գործի դնում իր ամբողջ  ֆիզիկական և մտավոր էությունը և արդյունքում մի կոմպլեքս է ստեղծում, որ բառերով մեկը կարող է նկարագրել և անցնել,  բայց նկարն անընդհատ նայում ենք: Նկարը նախորդող սյուժեներով և  ընթացքով դառնում է մի ամբողջություն,  մարդու մտքի և համբերության մի գեղեցիկ պատմություն»,- ասում է Գոհար Պապյանը:

Նշենք, որ Գարիկ Միքայելյանն ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի բաժինը, այնուհետև՝ ՀՊՃՀ Ռադիոտեխնիկայի և կապ բաժնի մագիստրատուրան, այժմ աշխատում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության ռադիո  և ռադիոհամակարգերի բաժնում, ծնողների հետ բնակվում է Աշտարակում։

Գարիկ Միքայելյանի գործերը՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ