News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միասեռական մարմնավաճառ Մերուժան Դավթյանին (Սյուզի) հարվածելու մեջ մեղադրվող ժամկետային զինծառայողներ Մ. Կարապետյանը և Կ. Կաբրիլյանցը պնդում են, որ տուժողի հետ սեռական ակտի համար վճարելուց առաջ համոզված են եղել, որ նա կին է։ Երեւանի Կոնտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 15-ին, ցուցմունք տվեցին մեղադրյալները։

Նախքան նրանց ցուցմունքը լսելը դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց վկա Սամվել Ազիզյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինի ներկայությունը դատարանում հնարավոր չէր եղել ապահովել։ Վկայի ցուցմունքում գրված էր, որ ինքն այդ օրը Կիրովի անվան այգում կանգնած է եղել մարմնավաճառ ընկերուհիների հետ, երբ տեսել է՝ ինչպես երկու 21-22 տարեկան երիտասարդ մոտեցել են տուժող Մերուժան Դավթյանին։

«Մերուժանի կամ Սյուզիի հետ, ինչպես մենք ենք նրան անվանում, սեռական ակտ ունենալու համար երկու տղաները տվեցին 20.000 դրամ։ Դրանից հետո նրանք բոլորով գնացին այգու խորքը, իսկ որոշ ժամանակ անց Սյուզին բղավելով և գլուխը բռնած վազեց մեր կողմը՝ ասելով, որ իր հեռախոսը վերցրել են։ Ինչքան հասկացա՝ գինու շշով խփել էին նրա գլխին, ես մյուս մարմնավաճառների հետ գնացի այդ տղաների կողմը, բայց նրանք արդեն փախել էին»,- գրված էր Սամվել Ազիզյանի նախաքննական ցուցմունքում։

Մեղադրյալ Մ. Կարապետյանը իր ցուցմունքում նշեց, որ տուժողին գումար տալուց համոզված է եղել, որ նա կին է։

«Ինքը կանանցի ձայնով էր խոսում և կնոջը շատ նման էր , այդ պատճառով էլ  սկզբում չհասկացա, որ ինքը տղամարդ է և վճարեցի սեռական ակտի համար։ Հետո, երբ որ արդեն տեսա, որ ինքը տղամարդ ա, ասեցի՝ փողը հետ տա, ինքն էլ չտվեց, ու արդյունքում քաշքշուկ սկսվեց։ Այդ ժամանակ մարմնավաճառի գրպանից նրա հեռախոսն ընկավ, մենք վերցրեցինք ու ասեցինք, որ հետ չենք տա, մինչեւ մեր գումարը չվերադարձնի»,- դատարանին պատմեց Մ.  Կարապետյանը։

Մեղադրյալը նշեց, որ տուժողը ամեն կերպ հրաժարվում էր գումարը վերադարձնել, իսկ վերջում սեռական բնույթի վիրավորանք հնչեցրեց իրենց հասցեին։

«Երբ ինքը մեզ վիրավորեց, ընկերս հատակից շիշ վերցրեց ու հարվածեց իրա գլխին։ Մարմնավաճառը փորձեց փախնել, մենք ուզեցինք իրան բռնել, բայց տեսնելով, որ մյուս մարմնավաճառները մեր վրա են գալիս՝ փախանք այդտեղից»,- դատարանին ասաց Մ. Կարապետյանը։

Մեղադրյալ Կ. Կաբրիլյանցն իր ցուցմունքում նշեց, որ իրենք այգի գնալիս մարմնավաճառներին հանդիպելու նպատակ չեն ունեցել։

«Կիրովի այգու մոտ տեսանք մարմնավաճառների, մոտեցանք նրանցից մեկին՝ սեռական հարաբերություն ունելու համար։ Ես տենց Երևանին ծանոթ չեմ և չգիտեի, որ այդտեղ տենց մարմնավաճառներ են հավաքվում։ Եթե իմանայինք, մենք այդտեղ չէինք գնա, քանի որ ոչ ես, ոչ Մուշեղը շեղվածություններ չունենք»,- ասաց Կ. Կաբրիլյանց ։

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատախազը պատրաստ չէր վիճաբանությունների փուլին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին։

Տպել
Ամենաշատ