News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյան հրաժարվեց իր փաստաբան Ինեսա Պետրոսյանի ծառայություններից, նա իր շահերը կպաշտպանի ինքնուրույն։ Նման հայտարարությամբ հանդես եկավ Շանթ Հարությունյանը այսօր՝ հուլիսի 16-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին։

Շանթ Հարությունյանն իր այս քայլը բացատրեց նրանով, որ Ինեսա Պետրոսյանը պատրաստվում է արձակուրդ վերցնել, իսկ նրա բացակայության դեպքում դատական նիստերը կհետաձգվեին մինչեւ նրա վերադարձը։

«Ես կարող եմ ինքս իմ շահերը պաշտպանել»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը, որի պաշտպանը նույնպես Ինեսա Պետրոսյանն էր, հետեւեց Շանթ Հարությունյանի օրինակին։

Պաշտպանից հրաժարվելու ցանկություն հայտնեց նաեւ Շանթ Հարությունյանի որդին՝ նույն գործով մեղադրվող Շահեն Հարությունյանը, բայց դատավորը ասաց, որ անչափահասը ըստ օրենքի չի կարող ինքնուրույն պաշտպանվել, եւ նրան փաստաբան է անհրաժեշտ։

Շանթ Հարությունյանը ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանին խնդրեց լինել Շահեն Հարությունյանի փաստաբանը. «Մի տասը  օր կարաս, չէ՞, պաշտպանես երեխուն»։

Արա Զաքարյանը համաձայնեց լինել Շահեն Հարությունյանի պաշտպանը։

Նշենք, որ այս գործով  դատական նիստերի սկզբում Շանթ Հարությունյանի եւ փաստաբան Արա Զաքարյաի հարաբերությունները լարված էին։ Շանթ Հարությունյանը դեմ էր , որ փաստաբանը իրավական դաշտում պայքարի, քանի որ Նոյեմբերի 5-ի գործը համարում է քաղաքական հետապնդում։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ