News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ Կառավարության մոտ այսօր՝ հուլիսի 16-ին, սոցիալական ծանր պայմանների պատճառով նստացույց հայտարարած ազատամարտիկ Վարդան Թաթարյանը երկու օրից կհանդիպի Պաշտպանության նախարարի հետ: Նստացույցը սկսելուց ժամեր անց ազատամարտիկին մոտեցավ կառավարության  աշխատակազմի  դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ծանոթացավ նրա պահանջներին եւ խոստացավ, որ երկու օրից նախարարը նրան կընդունի: Վարդան Թաթարյանը Ալեքսանդր Ղազարյանին հանդիպելուց հետո դադարեցրեց նստացույցը եւ հեռացավ  Կառավարության շենքի մոտից:

«Ծանր վիճակից ելնելով էի եկել, նստացույց հայտարարել: Էն նեղ վիճակից, որ ոչ տուն ունեմ, որ աշխատանք, եկել էի կառավարության դեմ բողոքի: Ուզում էի հացադուլ սկսել: Արդեն ավելի ծայրահեղ քայլերի էի ուզում գնայի: Գոնե աշխատանք տան, որ ընտանիքս պահեմ: 45 քառակուսու վրա ենք ապրում, երկու տղա երեխա ունեմ: Դա ուղղակի տուն չի, ապրում ենք, որ դրսում չմնանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:

Նա բողոքեց, որ 63 հազար դրամ թոշակ է ստանում, որը հրաժարվում են բարձրացնել: Փոխարենը՝ ազատամարտիկի խոսքով՝ իրեն ծաղրում են, ասում, որ պետք է շնորհակալ լինի, որ այդքանն էլ տալիս են:

«Նրանց թոշակն են ավելացրել, ովքեր առանց այն էլ բարձր էին ստանում: Ես գնդապետ չեմ, որ իմ թոշակն էլ բարձրանա, կամ չունեմ լավ ծանոթ: Ու իրենց արհամարհական, ծաղրական վերաբերմունքը. բոմժին ոնց են նայում՝ էդպես էլ մեզ են նայում»,- բողոքեց ազատամարտիկը:

Վարդան Թաթարյանը նշեց, որ ինքը 20 տարեկանից հաշմանդամություն ունի, այժմ միակ աշխատանքը, որ կարողանում է գտնել, բեռնակրի աշխատանքն է, որն առողջական խնդիրների պատճառով հազիվ է կարողանում կատարել:

«Ես կանտուզիա տարած եմ: Էդ ցավերը նկարագրելի չի, որովհետեւ ոտքս երկաթների մեջ է, ծունկ չունեմ, հավաքած է»,-ասաց ազատամարտիկը՝ հույս հայտնելով, որ նախարարի հետ հանդիպումը իրեն որեւէ բանով կօգնի, կկարողանա տուն ունենանալ ու աշխատանք գտնել:

Տպել
Ամենաշատ