Ֆրանսիայում «Արմենիա» մշակութային ընկերակցության նախագահ Գրիգոր Ամիրզյանը, անդամներ Ժորժ Էրեցյանն ու Ժերար Ժասուն, ինչպես նաեւ Վալանսի ֆիլատելիստների միության նախագահ Ժան Ֆրանսուա Սբարդելլան հանդիպել են Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Լաբոնի հետ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված դրոշմանիշի թողարկման նախաձեռնության առաջխաղացման նպատակով, այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը.
Ֆրանսիացի պատգամավորը դրական է վերաբերվել Վալանսի ֆիլատելիստների միության եւ Ֆրանսիայում հայկական ընկերակցությունների համակարգող կոմիտեի կողմից աջակցվող «Արմենիա» ընկերակցության նախաձեռնությանը: Պատգամավորը խոստացել է աջակցել այս նախաձեռնությանը, որը նա շուտով կպաշտպանի Փարիզում:
Ժան Ֆրանսուա Սբարդելլան եւ Գրիգոր Ամիրզայանը երախտագիտություն են հայտնել ֆրանսիացի պատգամավորին, ով խոստացել է հանդիպում պայմանավորվել փոստային նյութերի թողարկման համար պատասխանատու նախարարությունում: Հայ ֆրանսիական մշակութային ընկերակցության եւ Վալանսի ֆիլատելիստների միության ղեկավարները ընդգծել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշանակությունը, որը կնշվի հաջորդ տարի: