Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հուլիսի 19-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման եւ Հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացների մասնակիցներին:
Հանդիպման սկզբում ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Արմեն Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի նպատակները եւ կատարված աշխատանքները՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը:
Ողջունելով ներկաների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունն է փոխանցել ներկա ուսուցիչներին՝ հորդորելով առավել նախանձախնդրությամբ, ջանասիրությամբ եւ հավատով շարունակելու իրենց նվիրյալ եւ պատասխանատու ծառայությունը, հայաշունչ ոգով եւ մեր հայրերի հավատքով կրթելով հայ մանուկներին ու պատանիներին: Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ ուսուցիչների մեջ շատ են հատկապես երիտասարդները, որոնց ներկայությունը հույս է ներշնչում վաղվա օրվա հանդեպ՝ անդրադառնալով Սփյուռքի հայկական գաղթօջախներում առկա մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորաբար հորդորել է նախանձախնդիր լինել Մայրենի լեզվի պահպանման եւ տարածման գործում:
«Հայոց լեզվի իմացությունն այն բանալին է, որը բացում է դռները մեր հարուստ հոգեմտավոր ժառանգության եւ առավելաբար զինում ամենքիս՝ դիմագրավելու համար բոլոր փորձություններն ու խոչընդոտները»,- նշել է Հայոց Հայրապետը:
Նա պատասխանել է ներկաների հարցերին:
Հանդիպմանը ներկա էին Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը: