News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Արցախը չափազանց գեղեցիկ են, հիասքանչ բնությամբ՝ ինչպես դրախտում: Սա Շուշիում անցկացվող 3-րդ սիմպոզիումին մասնակցելու համար մեր երկիր ժամանած հնդիկ քանդակագործ Կանտակիշորե Մոհարանայի բնորոշումն է: Նա ծնունդով Հնդկաստանի Օրիշա քաղաքից է, որը, իր իսկ խոսքով, բավական հայտնի է իր արվեստի եւ մշակույթի, բազմաթիվ տաճարների շնորհիվ: Զբաղվում է նկարչությամբ, քանդակագործությամբ, ինստալյացիայով:

NEWS.am-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ ապշած է Հայաստանի գեղեցկությամբ, հայ ժողովրդի ջերմ եւ հյուրասեր բնավորությամբ: Կանտակիշորե Մոհարանան նաեւ ցանկանում է բնակվել Հայաստանում՝ մեր երկրում եւ մեր երկրի համար ավելի շատ քանդակներ ստեղծելու նպատակով:

Նշենք, որ ծնունդով շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության երրորդ միջազգային սիմպոզիումը մեկնարկել է հուլիսի 11-ին: Այն կրում է «Խաղաղություն Արցախին» խորագիրը եւ  նվիրված է զինադադարի կնքման 20-ամյակին:

10 օր շարունակ 12 պրոֆեսիոնալ քանդակագործներ, ովքեր Արցախ են ժամանել  Իտալիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Բելոռուսից, Հայաստանից եւ նրանց միացած արցախցի  քանդակագործները Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի քանդակների պուրակում ազատ թեմայով քանդակ են կերտում:

Հավելենք, որ ծրագրվում է թանգարանին կից տարածքում այգի ստեղծել, որտեղ կտեղադրվեն արդեն կայացած եւ հետագայում անցկացվելիք սիմպոզիումների քանդակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ