News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Արցախբանկի» բաժնետեր, շվեցարական «Ֆրանկ Մյուլեր» եւ AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանի՝ «Տոնուս» ՍՊԸ-ի խաբված բնակարանատերերին խոստացած շենքի շինարարությունը դեռ չի սկսվել, «Արցախբանկը» նույնիսկ պայմանագրեր չի կնքել բնակարանատերերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խաբված բնակարանատերերից Աննա Մկրտչյանը։

«Եկան, խոստացան, ասեցին՝ կանենք շինարարությունը երկու հերթափոխով, խոստացան ու  գնացին, կորան, մինչեւ էսօր «Արցախբանկին» զանգում ենք՝ ինչ-որ բան հարցնելու, ասում են՝ մենք տեղյակ չենք ոչ մի բանից, մեզ ոչինչ չեն ասել։ Ես չգիտեմ՝ էլ ինչ կարելի է անել, ոնց կարելի է պայքարել, էլ արդեն հույս չկա, պետության վրա ընդհանրապես հույս դնել չի կարելի, պետություն գոյություն չունի, ով ինչ ուզում, անում է, անարխիա է»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Աննա Մկրտչյանը հիշեցրեց, որ Հրաչ Կապրիելյանը մայիսի 15-ին հանդիպել էր «Տոնուս» ՍՊԸ-ի խաբված բնակիչներին եւ խոստացել, որ մի ամսից շինարարությունը կսկսվի, սակայն  արդեն երկրորդ ամիսն է լրանում, ոչինչ չի փոխվել։

«Կապրիելյանն ասել է, որ հուլիս ամսվա վերջին պետք է Հայաստան գա, ու գործն ընթացք ստանա, բայց «Արցախբանկի» ղեկավարությունը մեզ ոչ մի բան չի ասում, մենք ուղղակի մեր առաջարկներն ենք ներկայացրել, ու ոչ մի պատասխան չունենք, ինչ կլինի, երբ կլինի, մի խոսքով, անորոշ վիճակ է։ Մենք ընդառաջ ենք գնում «Արցախբանկի» առաջարկած պայմաններին, բայց չգիտենք, թե բանկը ինչ խնդիրներ ունի, որ չի կարողանում ընդառաջել մեզ»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Նշենք, որ Հրաչ Կապրիեիլյանի հետ բանակցություններից հետո «Տոնուս» ՍՊԸ-ից խաբված բնակարանատերերը համաձայնության էին եկել իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար ավելացնել 80 դոլար, իսկ բնակիչների վճարած գումարը վերադարձնելու դեպքում 14%-ը պահել, մնացածը վերադարձնել։

Աննա Մկրտչյանի խոսքով՝ բնակիչների մեծամասնությունը ցանկանում է բնակարանները ստանալ՝ գումար ավելացնելով, սակայն գումարը մուծելուց առաջ նրանք պահանջելու են բնակարանների սեփականության վկայականները։

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը Դավիթաշենում եւ Արաբկիրում նորակառույց շենքի բնակարանները վաճառել էր քաղաքացիներին, այնուհետեւ դրանք գրավադրել «Արցախբանկում»: Շենքերից մեկը արդեն կառուցված էր, մյուսի շինարարությունն էլ կիսատ է մնացել։Դրանից հետո «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, «Արցախբանկն» էլ, որտեղ գրավադրվել էին շենքերը, տիրացել է բնակարաններին, քաղաքացիները մնացել են ձեռնունայն եւ չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նշենք, որ 2014թ. հունիսի 22-ին Աշոտ Տոնոյանը հանկարծամահ է եղել։

Տպել
Ամենաշատ