News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանն, այսօր՝ հուլիսի 21-ին, հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ անդրադառնում է բնակչությանը խանգարող կարաոկե ակումբների ու ռեստորանների աղմուկին:

Նա իր գրության մեջ նշում է.

«Երեւանի ավագանու անդամն իրավունք ունի գրավոր հարցեր ուղղելու քաղաքապետին, որն այդ հարցերին պատասխանում է երեք շաբաթվա ընթացքում։ Գրավոր հարցերի պատասխանները Ավագանու նիստում չեն ներկայացվում:

Այդ պատասխանները մեկշաբաթյա ժամկետում տեղադրվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում:  (Երեւանի ավագանու կանոնակարգ օրենք, 4-րդ գլուխ, 8-րդ կետ):

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը շարունակվում է մտահոգվել այն հանգամանքով, որ խմբակցության Ձեզ ուղղված բոլոր հարցումների պատասխանները շարունակվում են ստորագրվել  Ձեր կողմից լիազորված անձի՝ Ձեր խորհրդականի կողմից, ավելին` վերջին նամակներից մեկը  ստորագրվել է Կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանի կողմից, ով նույնիսկ Ձեր կողմից լիազորված չէ, այնինչ վերոնշյալ օրենքը պահանջում է, որ ավագանու անդամի գրավոր հարցերի պատասխանները ստորագրվեն Ձեր  կողմից:

Այն փաստը, որ որոշ նամակների պատասխաններ խիստ ձեւական եւ իրարամերժ բովանդակություն ունեն եւ մեր բարձրացրած հարցերին լուծում չեն առաջարկում, մեր կարծիքով, հիմք է տալիս ենթադրելու, որ ավագանու անդամների նամակներին պատշաճ ընթացք չի տրվում, որից հետեւում է, որ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին լուծում չի տրվում:

Լուրջ խնդիր է նաեւ այն փաստը, որ որպես նամակների պատասխանների կատարող հանդես է գալիս քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպական վարչությունը, որը պատասխանատու չէ պատասխանի բովանդակության համար, որովհետեւ  եթե հարցման պատասխանը ոչ միայն սպառիչ չէ, այլեւ  իրարամերժ,  ապա հնարավոր չէ պարզել հարցման իրական կատարողին, որովհետեւ այն ստորագրվում է Ձեր խորհրդականի կողմից, ով ոչ այդ տեղեկատվության, ոչ մեր կողմից բարձրացված հարցերի պատասխանատուն չէ:  Կոնկրետ օրինակ՝ Մաշտոցի պողոտա 31 հասցեում գործող «Կամելլոտ» ռեստորանի գիշերային աղմուկի վերաբերյալ մեր բազմաթիվ հարցումների մասին վերջին հարցմանս ի պատասխան Ձեր խորհրդականի կողմից ստորագրված պատասխանում գրված է, որ այդ ռեստորանին գիշերային աշխատանքի թույլտվություն չի տրված, այնինչ  մեր ձեռքի տակ ունենք 26.04.2014թ. տրված N 980/190  թույլտվության  պատճենը, որը ստորագրվել եւ կնքվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար պարոն Սադոյանի կողմից:

Խնդրում եմ  վերջապես պարզել, թե ո՞ր տեղեկատվությունն է ճիշտ:

Ավելացնեմ, որ  Ձեզ էի ներկայացրել նաեւ տվյալ ռեստորանի կողմից աղմուկի աստիճանը գերազանցող համապատասխան փորձագիտական եզրակացության պատճենը, որը փաստում է ռեստորանի կողմից բնակիչների անդորրը խախտելու մասին: Ընդհանրապես իրենց աղմուկով բնակիչների անդորրը խախտող տարբեր հասցեներում գործող (Խանջյան, Ալեք Մանուկյան եւ այլ փողոցների) կարաոկե ակումբների աղմուկն արդեն անտանելի է դարձել նրանց համար եւ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ ոստիկանությունը միջոցներ չեն ձեռնարկում  այդ ակումբներին կարգի հրավիրելու ուղղությամբ: Այս անկառավարելի վիճակի հետ  ինչպե՞ս հաշտվեն երեւանցիները, ո՞ր «պատով տան իրենց աղմուկով լցված գլուխները»:

Հարգելի պարոն Մարգարյան, կոչ ենք անում ղեկավարվել օրենքի պահանջներով, անձամբ ստորագրել մեր հարցումները` պատասխաններում հստակ նշելով դրանց կատարողների պատասխանատուներին: Փոխանցելով Ալեք Մանուկյան 15Ա շենքի տակ գործող «Գոա», Մաշտոց 31-ի եւ Խանջյան վրա գտնվող կարաոկե  ակումբների  շենքերի այն երեւանցիների բողոքները, ովքեր զոհ են դարձել գիշերային զվարճալիքների բիզնեսի շահերին, առաջարկում եմ Ձեզ տեր կանգնել  քաղաքապետարանի կամ վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամը 23-ից հետո նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ  արդեն կայացված որոշումներին, կամ բոլորին զրկեք այդ թույլտվությունից:  Մեր համագործակցությունը պե’տք է կայանա եւ երեւանցու շահը դառնա գերակա, որի մասին երեւանցիներին  խոստացել ենք եւ՛ մենք, եւ՛ Դուք:

Տպել
Ամենաշատ