News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը սպառնացել է Բյուրեղավանի գիշերօթիկի դպրոցի ուսուցիչներից մեկի դստերը եւ պահանջել, որ վերջինս հայտնի, թե ով է բողոքել հաստատությունում տիրող անառողջ մթնոլորտի, ծեծի եւ ճնշումների մասին: NEWS.am-ի հետ զրույցում Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության աշխատակիցների եւ երեխաների շահերը պաշտպանող Տիգրան Հայրապետյանը զարմանք հայտնեց, որ մինչեւ այսօր Ֆիլարետ Բերիկյանին հարցաքննության չեն կանչել:

«Մենք բոլոր փաստաթղթերում հիմնավորել էինք, որ փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը տարբեր միջողցներով փորձել է պաշտպանել հեռացված տնօրենին՝ Գայանե Մարգարյանին: Ես համոզված եմ, որ հաստատությունում կատարված ծեծն ու ճնշումները եղել են նախարարության թողտվությամբ միայն: Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի գործը, սակայն առ այսօր Բերիկյանը չի հարցաքննվել»,- ասաց նա:

Փաստաբանի պնդմամբ՝ Ֆիլարետ Բերիկյանը միշտ ներկա է եղել, թե ինչպես են գիշերօթիկ դպրոցի երեխաներին ծեծում. «Իսկ հենց բաց նամակը եղավ, փոխնախարարն անմիջապես գնացել է Բյուրեղավան, սպառնացել ուսուցիչներից, նույնիսկ նրանցից մեկի աղջկան է զանգահարել եւ սպառնացել, որ եթե չհայտնի, թե ով է նամակի հեղինակը, ապա ինքը Ազգային անվտանգության ծառայության միջոցով դա կիմանա»:

Տիգրան Հայապետյանը տեղյակ է նաեւ, որ նույնիսկ տնօրեն Գայանե Մարգարյանին հեռացնելուց հետո Ֆիլարետ Բերիկյանը շարունակում է ճնշել հաստատության աշխատակիցներին:

«Նախարարության աշխատակիցները եկել են եւ ասել, որ քանի որ ձեր բողոքների հիման վրա մենք խնդիրներ ունեցանք, ապա հետեւաբար մեր կոլեկտիվից նոր տնօրեն չենք ընտրելու եւ նոր տնօրենին կբերենք դրսից: Այժմ ստուգումներ են անցկացվում նույն հաստատության աշխատակիցների շրջանում եւ շատերին «խոստացել» են հեռացնել աշխատանքից,- ավելացրեց նա:

Նշենք, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարվածի վերաբերյալ գործ է հարուցվել մամուլի հրապարակումների հիման վրա՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է՝ յուրացնելը կամ վատնելը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Մինչեւ հիմա ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, սակայն աշխատանքից հեռացվել է տնօրենը, իսկ սոցապնախարարության երկու աշխատակիցներ զգուշացվել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի մի խումբ աշխատակիցներ ապրիլի 4-ին բաց նամակ էին տարածել հաստատությունում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, երեխաների հանդեպ բռնություն գործադրելու, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ: Լրատվամիջոցները եւ սոցիալական կայքերը արագ արձագանքել են դրան, այցեր կատարել հաստատություն ու հարցազրույցներ վերցրել աշխատակիցներից ու երեխաներից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ