News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը հաստատելու համար հրավիրված նիստի ժամանակ արած «Չեմ վճարելու այդ 4 դրամը, եթե հարկ լինի՝ ահաբեկչություն էլ կանեմ» արտահայտության համար քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին այսօր՝ հուլիսի 25-ին, հրավիրել էին ԱԱԾ:

Ազգային անվտանգության ծառայությունում ակտիվիստին զգուշացրել են, որ հաջորդ անգամ նման արտահայտություն չանի, քանի որ հնարավոր է՝ նա իր ասածը չիրականացնի, բայց, իրավիճակից օգտվելով, իր ասածն անեն այլ մարդիկ:

«Իմ արած արտահայտության մեջ ոչ մի քրեորեն հետապնդելի բան չկար, այնպես որ զուտ խնդրեցին ու զգուշացրին, որ այլեւս նման արտահայտություններ չլինեն: Նրանք գիտեին՝ ով եմ ես, ինչ գործունեություն եմ ծավալում, ասացին՝ մենք վստահ ենք, որ դու դա իրականացնող չես, բայց կարող են լինել մարդիկ, որ ասեն՝ Վաղինակն ասեց, իրեն պատասխանատվության չենթարկեցին, ու ինքն արդեն մի ապուշ բան անի»,- ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Վաղինակ Շուշանյանը:

Ակտիվիստը ԱԱԾ էր գնացել մոր հետ, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բացատրել են, որ կանչել են պարզապես զրուցելու համար:

«Իրենք էլ հասկացան, որ ասել է բառեր, որոնք փուչիկ էին: Դրսում ինքը չէր էլ հիշել, թե ինչ է ասել»,-ասաց Վաղինակի մայրը՝ Մարիամ Պողոսյանը:

Նշենք, որ Վաղինակ Շուշանյանին ուղարկված ծանուցագրում նշված էր, որ հուլիսի 1-ին ահաբեկչության մասին արած իր հայտարարության համար իրեն հրավիրում են ԱԱԾ՝ գնդապետ Ա. Քոչինյանի մոտ:  ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանը, որը նույնպես եկել էր ԱԱԾ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ  սովորաբար քրեական գործի շրջանակում ուղարկված ծանուցագրի մեջ պետք նշվի, թե ինչ նպատակով են կանչում, ինչ կարգավիճակով, իսկ նման հրավերների դեպքում քաղաքացին կարող է եւ չներկայանալ:

«Քաղաքացին որեւէ պարտավորություն չունի, եթե զրուցելու կարիք կա, իրավապահները կարող են գնալ քաղաքացու նշած վայրում զրուցել, օրինակ՝ քաղաքացու բնակության վայրում»,-ասաց  Արմեն Գեւորգյանը:

Նշենք, որ հուլիսի 1-ի նիստի ժամանակ ՀԾԿՀ շենքի մոտ հավաքված բոլոր ակտիվիստների թույլ չտվեցին մասնակցել նիստին՝ պատճառաբանելով, որ դահլիճում ազատ տեղ չկա: Բանակցություններից հետո միայն մի քանի ակտիվիստներ, նրանց թվում նաեւ Վաղինակ Շուշանյանը, կարողացան մտնել դահլիճ եւ մի քանի րոպե հետեւել նիստի ընթացքին:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց, ըստ որի այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում սպառողների համար էլեկտրաէներգիան կթանկանա 9,9 տոկոսով՝ 3,85 դրամով: Ցերեկային սակագինը բնակիչների համար 38 դրամից կդառնա 41,85 դրամ մեկ կվ/ժամ-ի դիմաց, գիշերային սակագինը 28 դրամից կդառնա 31,85 դրամ: Գիշերային սակագները գործում են ժամը 22.00-ից մինչեւ առավոտյան ժամը 06.00-ը (մարտի վերջին կիրակիից մինչեւ հոկտեմբերի վերջին կիրակին), եւ ժամը 23.00-ից մինչեւ ժամը 07.00-ն (հոկտեմբերի վերջին կիրակիից մինչեւ մարտի վերջին կիրակին): Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:

Տպել
Ամենաշատ