News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր աշխատանքային պրակտիկայի ընթացքում արդեն բազմիցս հանրությանը տեղեկանքների և հայտարարությունների միջոցով ներկայացրել է դեպքեր, երբ պաշտպանության բանակ են զորակոչվել առողջական խնդիրներով երիտասարդներ:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այս զինվորներից շատերը իրենց ողջ ծառայությունը կամ ծառայության մեծ մասը լինում են զինվորական հոսպիտալներում, այդպիսով անբացատրելի թողնելով մի հարց՝ ինչու են նրանք զորակոչվել ծառայության, եթե ակնհայտորեն պիտանի չեն ծառայությանը:

Այժմ այսպիսի մի զորակոչիկի ծնող է դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ՝ իր որդու զորակոչման կամ ծառայությունից ազատման խնդրին լուծում տալու նպատակով:

Խնդիրը կայանում է հետևյալում:

Ա. Դ.-ն 2011թ. հետազոտվել է Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշվել է ողնաշարի կրծքային հատվածի երրորդ աստիճանի կիֆոզ (անկյունը՝ 66 աստիճան): Հիվանդության այս աստիճանի դեպքում, համաձայն ՀՀ ՊՆ 2013թ. թիվ 410 հրամանի 36-րդ հոդվածի, զորակոչիկը ազատվում է զինվորական ծառայությունից, կամ ստանում է տարկետում:

2011 թ. հանձնաժողովի որոշմամբ Ա. Դ.-ին տրամադրվել է 3 տարվա տարկետում:

2014 թ. տարկետման ժամկետը ավարտվել է և Ա. Դ.-ին զորակոչում են բանակ, պատճառաբանությամբ, թե կիֆոզի աստիճանը հասել է թույլատրելի 60 աստիճանի և նա պիտանի է ծառայությանը: Սակայն նույն ժամանակահատվածում կատարվել է  ևս մեկ հետազոտություն, այլ բժշկական կենտրոնում, որտեղ ախտորոշվել է 62 աստիճան, որի դեպքում զորակոչիկը ծառայությանը պիտանի չէ: Հատկանշական է մի փաստ, Ա. Դ.-ի մոտ առկա հիվանդությունները ժամանակի ընթացքում, առանց համապատասխան բժշկական միջամտության, չէին կարող վերանալ:

Այժմ Ա. Դ.-ի խնդիրը կայանում է նրանում, որ 22.05.2014 թ. կայացվել է, որոշում, ըստ որի նա պիտանի է սահմանափակումով ծառայությանը:

Խնդրին այժմ միջամտել է նաև ոստիկանությունը և իրականացնում է անհապաղ գործողություններ՝ զորակոչիկից պահանջելով ներկայանալ ոստիկանության բաժին՝ պարտավորագիր գրելու համար, այն դեպքում, երբ զորակոչիկը որևէ կերպ չի խուսափում ծառայությունից, հակառակը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ դեռևս հուլիսի 11-ին և 18-ին դիմել է ՀՀ ՊՆ՝ իր զորակոչի օրինականությունը վերանայելու խնդրանքով, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել:

Այսօր, ևս մեկ անգամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին գրություն է ուղարկվել՝ խնդրանքով վերանայել Ա. Դ.-ի զորակոչի օրինականությունը, ինչպես նաև լուծում տալ կազմակերպության նախորդ դիմումներով բարձրացրած խնդիրներին:

Եվս մեկ անգամ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարարությանը, խնդրում ենք ուշադրություն դարձնել այս և բոլոր զորակոչիկներին առնչվող խնդիրներին, կատարել հնարավորինս պատշաճ բուժզննություն, հետագայում խնդիրներից խուսափելու համար»:

Տպել
Ամենաշատ