Ռազմական ուսումնարանների շրջանավարտները, որոնք ծառայության են անցնելու տարբեր զորամասերում, ծառայելու են սահմանին տիրող անկայուն վիճակի, լարվածության նոր օջախներ ստեղծելու ապարդյուն փորձերի եւ հակառակորդի հաճախակիացած դիվերսիոն գործողությունների պայմաններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի շրջանավարտների սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Դժվարին պարտականություն է դրված ձեր ուսերին, դուք պիտի պահպանեք եւ զարգացնեք անցած երկու տասնամյակներին ստեղծված այն լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնցով այսօր առանձնանում է հայկական բանակը, ու այդ ամենի հիմքում պետք է լինի փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու մարտավարությունը, ասիմետրիկ պատերազմ մղելու մեր ունակությունը։ Դա է 20 տարի առաջ կնքված զինադադարը պահպանելու եւ արցախյան ազատամարտի տարիներին մեր սերնդի նվաճած բնագծերն ամրացնելու ճանապարհը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Նախարարը նշեց, որ հայկական բանակն ուրիշի հողին տիրելու նպատակ չունի, բայց հաստատակամ է հակառակորդի ներթափանցումները ոչ միայն կասեցնելու,այլեւ վճռական հարված տալու հարցում։
Այնուհետեւ պաշտպանության նախարարը նախագահ Սերժ Սարգսյանի, նախարարների եւ բարձրաստիճան սպաների հետ վկայականներ հանձնեց ռազմական բուհերի շրջանավարտներին։
Պաշտպանության նախարարն իր եւ բոլորի անունից շնորհակալություն հայտնեց ռազմաուսումնական հաստատություններին՝ հայկական բանակը մասնագիտական պատրաստության բարձր մակարդակ ունեցող սպաներով համալրելու համար։
«Երախտագիտությունս եմ հայտնում նաեւ շրջանավարտների ծնողներին, նրանց դեպի զինվորական մասնագիտությունն ուղղորդելու եւ իրենց զավակների կրթությունը մեզ վստահելու համար»,-ասաց նախարարը։