News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստում ներկայացվել է ԼՂՀ պետբյուջեից հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքները: Ըստ դրանց, պետբյուջեից հատկացված միջոցները նախարարության կողմից օգտագործվել են գործող օրենսդրությանը համապատասխան, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ:

Մասնավորապես, աշխատակազմի ղեկավարի հրամաններով «աշխատավարձի տնտեսված միջոցների հաշվին» որոշ քաղծառայողների «աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար», բացի ծառայողական գործունեության արդյունքներով տարեկան միանվագ պարգեւատրումից, տրամադրվել է պարգեւատրումներ, թեեւ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքով նախատեսվում է միայն տարեկան միանվագ եւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումներ:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ 2012 եւ 2013թթ.  «Մշակութային միջոցառումներ» ծրագրով իրականացված ծախսերը գերազանցել են նախատեսված գումարները:

Չի պահպանվել նաեւ ԼՂՀ կառավարության 2009թ. հունվարի 29-ի՝ «ԼՂՀ շրջանների զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշմամբ սահմանված հանրապետության ամբողջ տարածքում մշակութային ծառայությունների համաչափությունը ապահովելու պահանջը: 2013թ. «ԼՂՀ շրջաններում մշակույթի զարգացման ծրագրեր» ծրագրային ուղղության շրջանակում իրականացված միջոցառումներից միայն «Մշակութային խաչմերուկ» մրցույթն է ընդգրկել հանրապետության բոլոր շրջանները: Մյուս միջոցառումների գերակշիռ մասը՝ 72.7%-ը, անցկացվել է Շուշիի շրջանում, իսկ Մարտակերտի շրջանում, օրինակ, ոչ մի միջոցառում չի անցկացվել:

Վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանի խոսքով, իրենք հանդես են եկել առաջարկությամբ, որպեսզի այսուհետ ցանկացած գերատեսչությունում տեղ գտած ֆինանսական խախտումների՝ գերծախսի պատասխանատուն լինի խախտումներ թույլ տված գերատեսչությունը, ոչ թե պակասաորդը լրացվի պետական բյուջեի հաշվին:

Տպել
Ամենաշատ