News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դիլիջանի միջազգային դպրոցի ամառային ճամբարի արտասահմանցի մասնակիցներին Հայաստանում ամենից  շատ տպավորել էր գյուղական առօրյան, որին ծանոթացել են այստեղ անցկացրած երկու շաբաթների ընթացքում:

16-17 տարեկան պատանիները հուլիսի 14-26-ը հասցրել էին որոշ չափով ծանոթանալ հայկական մշակույթին, եղել էին մայրաքաղաքում, Գառնիում, Սեւանում: Պատանիներն ամենից շատ տպավորված էին Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղ՝ իրենց այցելությունից:

«Ինձ դուր եկավ հայերի մշակույթը, ապրելակերպը, մտածելակերպը, նրանք գնահատում են այն ամենը, ինչ որ ունեն: Ամենից շատ ինձ դուր եկավ Կալավան գյուղում մարդկանց ապրելակերպը: Ինձ դուր եկավ, որ նրանք ամեն ինչ իրենց ձեռքով են պատրաստում, ունեն այգիներ, ընտանի կենդանիներ: Նրանք մեզ սովորեցրին թե ինչպես իրենց պես զբաղվել հողագործությամբ»,-NEWS.am-ին ասաց ճամբարի մասնակիցներից Գրետա Վալչին, որը Հայաստանում առաջին անգամ էր, եկել էր Իտալիայից: Թեեւ նա տպավորված էր գյուղական առօրեայից,  բայց անկեղծացավ, որ ցանկության դեպքում էլ չի կարողանա ապրել այստեղ՝ նման առօրեայով:

«Ինձ շատ դուր եկավ նրանց այցելելն ու նրանց ավելի լավ ճանաչելը, բայց ինձ համար շատ դժվար կլինի այդպիսի փոքր գյուղում ապրելը: Իտալիայում, որտեղ ես ապրում եմ, կյանքն այլ տեսակի է: Քաղաքը, որտեղ ես ապրում եմ, շատ ավելի մեծ է Հայաստանի բոլոր քաղաքներից, որտեղ ես եղել եմ այս ընթացքում»,-ասաց Գրետա Վալչին:

Ճամբարի մասնակիցները պատմեցին, որ մինչեւ այստեղ ժամանելն իրենք շատ քիչ բան գիտեին Հայաստանի մասին: Որոշներին Հայաստանի անունը ծանոթ էր Ցեղասպանությունից, որոշներն էլ գիտեին միայն, որ Հայաստանը Սովետական միության երկրների կազմում է եղել: Ճամբարի ավարտին արդեն նրանք վստահ ասում էին, որ ծանոթ են Հայաստանի պատմությանը, բնությանը, մշակույթին: Ճամբարի հայաստանյան մասնակիցներից ոչ միայն լավ ընկերներ էին ձեռք բերել, այլեւ հայկական ազգային պարեր, հայերեն բառեր սովորել՝ բարեւ, շնորհակալություն, գաթա: Ավստրիայից ժամանած 17-ամյա  Էթան Բերներին հայկական ազգային պարերը շատ էին դուր եկել: NEWS.am-ի հետ զրույցում երիտասարդ տղան նշեց, որ թեեւ դժվարությամբ, բայց մեծ հաճույքով է հայկական ազգային պարերի մի քանի շարժումներ սովորել:

Ամառային ճամբարի համակարգող Ադրիան Բոելիի խոսքով՝ Դիլիջանում արդեն երկրորդ տարին է, որ նման ճամբար է անցկացվել, ճամբարի նպատակը համայնքի զարգացումը խթանելն է եղել: Նա տեղեկացրեց, որ Շվեցարիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Կանադայից, Իտալիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից ժամանած պատանիներին միացած հայաստանցի 20 մասնակիցները Դիլիջանի ավագ դպրոցի սաներ էին:

«Ճամբարի մասնակիցները փորձեցին հասկանալ, թե ինչպես Դիլիջանի երիտասարդների համար աշխույժ համայնք ստեղծել: Կազմակերպվեն են համայնքի զարգացումը խթանող տարբեր մշակույթային երեկոներ, որոնց ճամբարականներն իրենց մասնակցությունն ունեցան»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ