Հուլիսի 26-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին էր ներկայացել մի տղամարդ եւ հայտնել, որ քույրը` 58-ամյա Մանյակ Հունանյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում եւ չի բացում տան դուռը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը ժամը 01.15-ին բացելով նշված բնակարանի դուռը` հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել էր Մ. Հունանյանի դիակը` խեղդամահ եղած վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի եւ Մեծամորի բաժինների ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 26-ին, ժամը 15.20-ին, Ծառաշեն գյուղից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել նախկինում դատապարտված 32-ամյա Արման Ա.-ն:
Պարզվել է, որ նա հուլիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հյուրընկալվել է Մ. Հունանյանի տանը, որտեղ շահադիտական նկատառումներով սկզբից ձեռքերով, այնուհետեւ` սավանով խեղդել եւ սպանել է կնոջը, որից հետո բնակարանից հափշտակել է «DVD» տիպի 3 ձայնագրիչ, 1 բջջային հեռախոս, սպորտային տաբատ եւ 500 դրամ:
Արման Ա.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: