Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղում երեկ՝ հուլիսի 30-ին, հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեց Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը, 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը վիրավորվել է ուսի հատվածում, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Այգեձորում տեղեկություններ են պտտվում, թե Վալերի Ճաղարյանին վիրավորել է ադրբեջանցի դիվերսանտը։ ՊՆ մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տարածված լուրերն իրականությանը չեն համապատասխանում, դիվերսիա չի եղել։
Նշենք, որ վերջին օրերի հակառակորդը ակտիվացրել է հայկական գյուղերի գնդակոծումը, հատկապես այգիների ու արոտավայրերի ուղղությամբ։