News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի անդամները համաձայնության չեն գալիս Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի վերականգնման եւ տեղափոխման համար հատկացվելիք գումարի հարցում:

Խնդիրն այն է, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պայմանագիր է կնքել հիմնադրամի հետ՝ «Հայկական հովվերգություն» որմնանկարը հիմնադրամից 37 մլն դրամով գնելու եւ քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխելու համար, սակայն ավելի ուշ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել, ու արդյունքում 37 մլն դրամը դարձել է 55 մլն դրամ, ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հրաժարվում է փոխանեցել տարբերությունը:

NEWS.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ասաց, որ իրենք նախկին քաղաքապետի ու հիմնադրամի միջեւ կնքված պայմանգարի 37 միլիոն դրամից 35.5 միլիոնն արդեն փոխանցել են, պատրաստվում են փոխանցել նաեւ մնացած 4.5 մլն դրամը, որից 1.5 միլիոնը կնքված պայմանագրով մնացած պարտքն է, իսկ 3 մլն-ը ավագանու որոշմամբ փոխանցվելու է, որպեսզի որմնանկարը վերջնական տեսքի բերվի. վերականգնման  աշխատանքներն ավարտին հասցնեն իտալացի մասնագետները:

«Բանավոր  պայմանագիրը, խոսակցությունները վճարման ենթակա չեն, վճարում կատարվում է միայն պայմանագրերով, կատարողական ակտերով եւ հաշիվ ֆակտուրաներով։ Այս պահին մենք հիմնական պայմանագրից ֆինանսավորել ենք 35.5 հազար դրամ գումար, թե ինչ են իրենք հաշվարկել այդ պայմանագրից դուրս,  ինձ չի էլ հետաքրքրել, փախանցման ենթակա էլ չէ»- ասաց Լենա Ջիլավյանը:

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամը պահանջում է նաեւ, որպեսզի քաղաքապետարանը վճարի 3 մլն 700 հազար դրամի պարտքը «Ալեքսանդրապոլ» հյուրանոցին, որտեղ հյուընկալվել են որմնանկարի վերանկանգման աշխատանքներ իրականացնող իտալացի երկու վարպետները: Լենա Ջիլավյանը, սակայն, պնդում է, որ հյուրանոցի հետ որեւէ պայմանագիր չկա, որը հիմք կհանդիսանար գումարի փոխանցման համար:

«Իսկ ո՞վ է ասել, որ իտալացի վարպետները պետք է մնան ամենաթանկ հյուրանոցում։ Բայց անգամ էդ պայմանագիրը չկա», - ասաց Լենա Ջիլավյանը:

«Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի հետ NEWS.am-ի  թղթակցին չհաջողվեց կապ հաստատել:

Տպել
Ամենաշատ