News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլուխգովանությունը, որը դրսեւորովում է Իսրայելի հասցեին արված կտրուկ բանավոր հարձակումներով, վկայում է թուրք-իսրայելական հարաբերությունների քայքայման մասին, գրում է Le Monde պարբերականը։ «Այդ քայքայումը վկայում է իսլամա-պահպանողական կառավարության կողմից իրականացնող դիվանագիտական խորը վերակողմնորոշման մասին, որի նպատակն է Թուրքիային դարձնել մերձավորարեւելյան գերտերություն»,-կարծում է Քաղաքագիտության ֆրանսիական դպրոցի դասախոս Ֆրեդերիկ Անսելը։ Նրա խոսքով՝ նման խստացմանը նպաստում են մի շարք աշխարհաքաղաքական դժվարություններ։ «Առաջին հերթին, իրանական ագրեսիվ պանշիիզմը   միջուկային մրցավազքի հետ մեկտեղ վախեցնում է սուննի արաբական երկրներին,  որոնք պաշտպանություն են փնտրում ամերիկացիների, ֆրանսիացիների մոտ եւ բարեհաճ են վերաբերվում Իսրայելին, քանի որ այդ երկիրը խիստ է տրամադրված Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորումների նկատմամբ»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով, որ նամանավանդ Եգիպտոսը թույլ չի տա Թուրքիային խլել իրենից արաբա-մահմեդական աշխարհի առաջնորդությունը, եւ այդ հարցում նրան կօգնի Արաբական երկրների լիգան։ Երկրորդ, Անսելի կարծիքով, Անկարան դեմ է առնում իր ռազմավարության սահմանափակ լինելուն Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում, որտեղ Ռուսաստանի ու Իրանի հետ դաշինքը կարող է խոցել ավանդական դաշնակցին՝ Ադրբեջանին։ «Չնայած որոշակի լեզվական նմանությանը, Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի փոխարեն գերադասում են ավելի խոշոր պաշտպաններ  կամ «հաճախորդներ» ունենալ՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի»,-ընդգծում է հոդվածի հեղինակը։  Երրորդ. ինչպես նշում է Անսելը, զարգացող երկրների համագործակցությունը կարող է լինել ոչ արդյունավետ եւ հարուցել ՆԱՏՕ-ի դժգոհությունը։ Եթե Անկարան ընտրի չափազանց հակաարեւմտյան ռազմավարություն, ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները կարող են միջոցներ ձեռնարկել Թուրքիային մարգինալ դարձնելու ուղղությամբ, քանի որ այդ երկրի կշիռը դաշինքում պատերազմի ավարտից հետո նկատելի նվազել է։

«Վերջապես, ամերիկյան հասարակական կարծիքում նկատվում է լուրջ հակառակորդի ի հայտ գալը՝ հրեական ու հայկական սփյուռքի ուժերի համատեղման արդյունքում։ Էրդողանի պոռոտախոսությունը ուժեղանցում է այդ միտումը եվրոպական կազմակերպություններում»,-նշում է Անսելը։

«Որպեսզի ինչ-որ կերպ պահպանի իշխող դիրք գրավելու իր հույսերը՝ Թուրքիան պետք է գտնի ավելի լուրջ բան, քան իսրայելական խրտվիլակը»,- եզրափակում է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ