News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում երկրի ամենախոշոր արեւային էլեկտրակայանն են կառուցելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Caritas Armenia ընկերության ծրագրերի համակարգող Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ կայանը տեղադրվելու է երեխաների ցերեկային խնամքի նոր կենտրոնի տանիքին, որը կառուցում է Caritas Austria-ն: Երեխաները, այդ թվում՝ ֆիզիկական եւ մտավոր զարգացման համադրված բարդություններով, մինչեւ տարեվերջ կտեղափոխվեն նոր կենտրոն:

Համալիրը բաղկացած է լինելու 381 մարտկոցից, արեւային բարձրագույն ակտիվության ժամանակ՝ 95.25 կՎտ հզորությամբ: Կայանի ՕԳԳ-ն կազմելու է 12.9%, ինչը զգալիորեն ավելի բարձր է, քան Հայաստանում գործող այլ կայաններինը: Նոր կայանի բնապահպանական արդյունքը տարեկան CO2-ի՝ 123 տոննա արտանետումների տնտեսումն է: Չեխիայից բերված պանելների մոնտաժումն արդեն ավարտվում է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավստրիական Sonneweber ինժեներական ընկերության մասնագետ Կոզիմո դ՛Օնոֆրիոն նշեց, որ կայանի արդյունավետությունը զգալիորեն ավելի բարձր է լինելու, քան կարողանում են ստանալ Ավստրիայում: Եթե այնտեղ 1 կՎտ հզորությամբ ֆոտովոկտային կայանից կարողանում են տարեկան միջինը 1.000 կՎտ ստանալ, ապա այստեղ ենթադրվում է մինչեւ 1.456 կՎտ ստանալ: «Բացի այդ, բավարար չափով քամու շնորհիվ այստեղ պետք չէ տաքացված օդի հեռացման համար հատուկ համակարգ տեղադրել: Քամին ամեն ինչ կտանի»,- բացատրեց մասնագետը:

Նորարարություններ են օգտագործվել ոչ միայն շենքի տանիքին, այլեւ նկուղում. այնտեղ ավելի քան 100 մետր խորությամբ ստորգետնյա ջրերի օգնությամբ ջեռուցման համակարգ է տեղադրվել: Ավստրիական սարքավորումները հնարավորություն են ընձեռում 5-6 աստիճան տաքություն ստանալ, կուտակել այն, իսկ հետո օգտագործել ջրի տաքացման համար՝ մինչեւ 50-60 աստիճան: «Հաշվի առնելով հատակի եւ առաստաղի հրաշալի ջերմամեկուսացումը՝ այդ միանգամայն բավարար է նաեւ ձմռանը»,- նշեց Պետրոսյանը:

«Կարելի է համարձակորեն ասել, որ այստեղ օգտագործվող տեխնոլոգիաները Հայաստանում առայժմ ոչ մի տեղ չկան»,- հայտարարեց Պետրոսյանը:

Նոր շենքի պատերն ավստրիական սոճենու տախտակներից են լինելու: «Զգո՞ւմ եք, ինչպիսի փայտի բույր է տարածվել: Դա ե՛ւ երեխաների տրամադրությունը կբարձրացնի, ե՛ւ լավ ջերմամեկուսացում կապահովի»,- հավելեց նա:

Շենքը կառուցում եւ ինժեներական համակարգերը տեղադրում են հիմնականում ավստրիացիները, բայց նաեւ հայ շինարարներն են օգնում: «Վաղ թե ուշ շենքը կանցնի տեղական կառույցների կառավարմանը: Չէ՞ որ չենք կարող երեխաներին բացատրել. ավստրիացիները գնացին, դրա համար էլ պատուհաններից փչում է: Մենք պետք է ինքներս կարողանանք հավուր պատշաճի շահագործել այդ տեխնոլոգիաները»,- հայտարարեց Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ