News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայի Հայերի Համագումարը դատապարտում է Հյուսիսային Իրաքում Մոսուլի, Սանջարի եւ հարակից տարածքների եզդի, հայ եւ քրիստոնյա այլ ժողովուրդների դեմ «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից կատարվող լայնածավալ բռնությունները, զանգվածային սպանությունները, կանանց եւ երեխաների առեւանգումը, բռնի կրոնափոխությունն ու տներից եւ բնօրրանից նրանց տեղահանումը: Նման հայտարարություն է տարածել Եվրոպայի Հայերի համագումարը:

Հայտարարության համաձայն, այս ամենն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին, նույն՝ Օսմանական մեթոդաբանությամբ եւ սցենարով:

«Միջազգային հեղինակավոր թերթերի եւ ականատես լրագրողների վկայություններն ու հրապարակած լրատվությունը հաստատում են, որ այս ծայրահեղական կազմակերպությունն ու նրա գործընկեր՝ «Ալ-Քաիդա/Ալ Նուսրա» կազմակերպությունը, հովանավորվում են Թուրքիայի ներկա վարչախմբի կողմից:

Այս ահաբեկչական կազմակերպությունները Թուրքիա ազատ ելք ու մուտքի արտոնություն են ունեցել, այդ երկրի զինատեխնիկական օժանդակությունն են ստացել, նույն այդ երկրում վիրավորների բուժման հնարավորություն եւ ռազմամարզական ճամբարներ են ունեցել: Միամտություն կլինի ենթադրել, որ առանց նման լայնածավալ պետական հովանավորության, ահաբեկչական այս խմբակները կարող էին գրավել այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Քեսաբը, Մոսուլը, Սանջարը եւ այլն»,- ասված է հայտարարությունում:

Հաշվի առնելով այս ամենը՝ Եվրոպայի Հայերի Համագումարը ողջունում է ՄԱԿ-ի կողմից 16 օգոստոսի քվեարկված բանաձեւը, որը «չբավարարվեց միայն շարունակվող ոճիրները դատապարտելով ու տուժածների հետ համերաշխություն հայտարարելով, այլեւ ահաբեկչական այդ կազմակերպություններին հովանավորող պետությունների դեմ պատժամիջոցներ նախաձեռնելու որոշում կայացրեց»:

Եվրոպայի Հայերի Համագումարը միաժամանակ զարմանք է հայտնում ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների կողմից այս որոշումը գործնական քայլերի վերածելու հապաղման առիթով:

«Մենք միաժամանակ կոչ ենք անում անհապաղ միջոցառումներ ձեռնարկել՝ կասեցնելու համար ծայրահեղական խմբավորումների շարունակվող ոճրագործություններ ու ամոքելու եզդի եւ այլ ժողովուրդների տառապանքները»,- ամփոփում է կազմակերպությունը:

Տպել
Ամենաշատ