News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 19 շենքի բնակիչները բողոքում են, որ շենքի մոտ տեղադրված աղբարկղերը տարածքն աղբանոցի են վերածել, դրանից տարածվող հոտի պատճառով իրենք ոչ կարողանում են բնակարանների պատուհանները բացել, ոչ էլ տեղանքով անցուդարձ անել:

«Աղբամանները դրված են մեր ննջարանների պատուհանների տակ: Հոտից խեղդվում ենք: Չենք կարողանում անգամ լվացք փռել, հոտն ամբողջությամբ գալիս, կպնում է լվացքին: Ամառ օրով պատուհան չենք բացում: Խեղդվում ենք արդեն, շնչահեղձ ենք եղել: Ամեն օր 8-10 շուն զիբիլի մոտ են հավաքվում: Մինչեւ առավոտվա 6-ը վազում են, գնում են, տոպրակները տանում ու բերում»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակչուհիներից Կարինե Հայրապետյանը:

Բնակիչները նշեցին, որ թեեւ օրը երկու անգամ աղբահանություն է իրականացվում, սակայն   աղբատար մեքենան այնքան անմխիթար վիճակում է, որ դրանից ամբողջ  ժամանակ կեղտոտ ջուր է թափվում տարածքում ու ավելացնում գարշահոտը։

«Մի մեծ, կեղտոտ մեքենա է գալիս: Հենց ինքը զիբիլը թափելու մեքենա ա, էլ ո՞ւր ա գալիս զիբիլ տանի: Երկու ժամ կանգնում ա, մեքենայի միջից ծուխ ա դուրս գալիս, հետեւի մասից կեղտաջրերը թափվում են, ամբողջ տարածքը ձութի մեջ կորել ա: Աղբը թափելու համար էլ  անհնար է մոտենալ աղբամանին»,-ասաց Կարինե Հայրապետյանը:

Բնակիչների խոսքով` տարածքը մաքրվում է 10-15 օրը մեկ, սակայն մաքրման աշխատանքները հակառակ արդյունքն են տալիս: 

«Գալիս են՝ լվանան, բայց ձութը ո՞նց կարան լվանան:  Մի հատ ջուրը կապում են, տարածվում ա ձութը, եթե մի տեղ էլ չկար` ջուրը տանում ա: Էս էլ երկու անգամ ա, բերում, ասֆալտ են փռում ձութի վրա, նորից ձութը եւ տակից ա դուրս գալիս, եւ աղբատար մեքենայից ա թափվում: Երկու ամիս են ասֆալտապատել, արդյունքում ձութի լճակ է գոյացել»,-ասաց բնակչուհիներից Ծովինար Սարգսյանը:

Բնակիչներն առաջարկում են աղբարկղերն այլ վայր տեղափոխել, քանի որ դրանք ծառայում են ոչ միայն իրենց շենքի, այլեւ հարակից շենքերի բնակիչներին, տարածքում գործող խանութներին։ Նրանք այդ պահանջով մի քանի ամիս առաջ դիմել են քաղաքապետարան,  պատասխան են ստացել, որ համապատասխան ազատ տարածք չկա դրանք տեղափոխելու համար:

Տպել
Ամենաշատ