News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշ կրճատումներով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը:

Անցյալ շաբաթ ես նկարագրել էի Ներկայացուցիչների պալատի մեծամասնության նախկին ղեկավար Դիք Գեբարդի լոբբիստական «Գեբարդ գրուփ» ընկերության կնքած 1.4 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրի պայմանները՝ Վաշինգտոնում Թուրքիայի շահերն առաջ մղելու նպատակով:

Գիտակցելով, որ Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները լրջորեն վտանգված են, Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է լցնում ամերիկյան ընկերությունների գանձարանները՝ հուսալով բարելավել իր վարկանիշը՝ քողարկելով իր բռնատիրական վարչակարգի սեւ բծերը: Այդ նպատակով Անկարան 2014թ. մայիսի 12-ին պայմանագիր է կնքել Թուրքիայի լողի ազգային առաջնության նախկին չեմպիոն Հումա Գրոսի եւ Չիկագոյում գտնվող նրա «Ալփայթաք» հանրային կապերի ընկերության հետ՝ տարեկան 1.42 միլիոն դոլարով: Որքան էլ տարօրինակ է, սակայն ամսական վճարման փոխարեն, թուրքական կառավարությունը պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո մեկ միլիոն դոլար է տվել «Ալփայթաք»-ին, իսկ մնացյալ 420 հազար դոլարը վճարել է առաջին երեք ամիսներին: Այսպիսով, «Ալփայթաք»-ը փոխարինել է «Ֆլիշման-Հիլարդ» ընկերությանը, որը Թուրքիայի դեսպանատնից 779 805 դոլար էր ստացել մեկ կիսամյակի համար՝ 2013թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2014 թ. ապրիլի 30-ը:

Բացի այդ, Անկարան օգտվում է Ամերիկայի թուրքական կոալիցիայի գործունեությունից, որը 2000 թվականից ավելի քան 1 մլն դոլար է ծախսել 170 կոնգրեսականների ճամփորդությունները Թուրքիա հովանավորելու համար: Ամերիկայի թուրքական կոալիցիան ստեղծվել է 2007թ., Մասաչուսեթսի միկրոչիպեր արտադրող միլիոնատեր Յալչին Այասլիի կողմից, որը, ըստ «Ալ-Մոնիթոր»-ի տվյալների, վերջին 18 ամիսների ընթացքում շուրջ 140 հազար դոլար է նվիրաբերել մի քանի թուրքամետ կոնգրեսականների:

Շատերը տեղյակ չեն, որ ըստ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի՝ արտասահմանյան հաճախորդներ ներկայացնող ամերիկյան ընկերությունները պարտավոր են կիսամյակային հաշվետվություն ներկայացնել ԱՄՆ արդարադատության նախարարություն՝ իրենց ամենօրյա գործունեությունների մասին:

«Ալփայթաք»-ը դեռեւս չի ավարտել իր առաջին կիսամյակը, հետեւաբար՝ հաշվետվություն չի ներկայացրել: Սակայն ցանկանում ենք հատվածներ ներկայացնել «Գեբարդ գրուփ» ընկերության եւ նրա չորս գործընկերների՝ Գրինբերգ Թրորիգի, Լիդիա Բորլենդի, Բրայան Ֆոռնիի եւ Դիքշթայն Շապիրոյի փաստաթղթերից, որոնք հանձնել են Արդարադատության նախարարություն՝ 2013թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2014 թ. հունվարի 31-ը ի նպաստ Թուրքիայի իրենց իրականացրած միջոցառումների վերաբերյալ.

- 2013թ. սեպտեմբերի 19-ին Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի նամակը փոխանցվել է փոխնախագահ Ջո Բայդենին եւ սենատոր Պատրիկ Լիհիին:

- Էլեկտրոնային նամակներ են ուղարկվել Ներկայացուցիչների պալատի անդամներ Կաստրոյին, Քոհենին, Քոնոլիին, Դեյչին, Էսթիին, Ֆոքսին, Ֆրանկելին, Գաբարդին, Քենեդուն, Շնայդերին, Վագներին, Ուիթֆիլդին, եւ սենատոր Մերֆիին՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցի վերաբերյալ. կապեր են հաստատվել նաեւ մի քանի կոնգրեսականների հետ՝ Սիրիայի, Իրանի պատժամիջոցների, Համասի եւ հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկման համար:

- Դիք Գեբարդը հաղորդել է նախընտրական ներդրումների մասին 2013թ. սեպտեմբերի 24-ից մինչեւ 2013 թ. դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում՝ ներկայացուցիչներ Էլսի Հաստինգսին (1000 դոլար), Բարբարա Լիին (1000 դոլար), Մարջորի Մարգոլիսին (1000 դոլար), Ռիչարդ Նիլին (1250 դոլար), Բրեդ Շնայդերին (500 դոլար), Դեբի Վասերման-Շուլցին (1500 դոլար), Մարկ Վիզիին (1000 դոլար), Հենրի Վակսմանին (1000 դոլար), եւ սենատորներ Դիք Դուրբինին (2500 դոլար), Մերի Լանդրյուին (1000 դոլար), Քլեր ՄաքՔասկիլին (1000 դոլար), Մարկ Փրայորին (1500 դոլար) եւ Ռոն Վայդենին (2500 դոլար):

- «Գեբարդ գրուփ»-ի գործընկեր «Դիքշթայն Շապիրո» ընկերության աշխատակիցները կապ են հաստատել կոնգրեսական Գրեգորի Միքսի օրենսդիր տնօրեն Բեն Բրանչի հետ՝ «Թուրքիայի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ օրենսդրության հարցերով»: Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հաստերտը, Դիկշտայն Շապիրոյի անունից հանդիպել է Ամերիկայում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանի եւ սենատոր Ռոն Ջոնսոնի հետ՝ «Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ»:

- «Դիքշթայն Շապիրո»-ի աշխատակիցները 2013 թ. հուլիսի 20-ից մինչեւ դեկտեմբերի 19-ը նվիրաբերել են ավելի քան 60 հազար դոլար հետեւյալ կոնգրեսական թեկնածուների քաղաքական քարոզարշավների համար.  սենատորներ Լամար Ալեքսանդր (2500 դոլար), Քեյ Հեգան (9000 դոլար), Էմմի Քլոուբուչեր (2000 դոլար), Միտչ ՄակՔոնել (2500 դոլար), Մարկ Փրայոր (2500 դոլար), Թիմ Սկոտ (1000 դոլար), եւ ներկայացուցիչներ Սանֆորդ Բիշոպ (2500 դոլար), Էմանուել Քլիվեր (1500 դոլար), Ռիկ Քրովերդ (2500 դոլար), Սթիվ Դեյնս (2500 դոլար), Ջոն Դինգլ (1000 դոլար), Բիլ Հյուզենգա (2500 դոլար), Էդի Բեռնիս Ջոնսոն (1000 դոլար), Ադամ Քայնզինգեր (2500 դոլար), Մայք ՄակԻնթայր (5000 դոլար), Բաք ՄակՔեոն (1500 դոլար), Դաչ Ռուպերսբերգեր (2500 դոլար) եւ Էդ Ուիթֆիլդ (2500 դոլար):

Քանի որ, ըստ օրենքի, Թուրքիայի կողմից վարձու ընկերությունները պարտավոր են մանրամասն զեկուցել իրենց գործունեության մասին, շատ կարեւոր է պարբերաբար ստուգել Արդարադատության նախարարությանը նրանց ներկայացրած փաստաթղթերը, պարզելու համար, թե ում հետ են նրանք կապ հաստատում Կոնգրեսում, ինչ նպատակով եւ ինչքան են նվիրաբերում նրանց քաղաքական քարոզարշավներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ