News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեքուկես տարեկան Իգոր Զաքյանին Ֆրանսիայում աչքի խնձորակի սուբատրոֆիան երկրորդ անգամ վիրահատելու համար Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է ծնողներից միայն մեկին: Ապրիլին Զաքյանը որդու հետ վերադարձել է Ֆրանսիայից, որտեղ նրանց խորհուրդ են տվել պրոթեզավորել երեխայի աչքը, մինչդեռ Հայաստանում առաջարկում են հեռացնել այն։ Առաջին վիզան նույնպես Զաքյանները մեծ դժվարությամբ էին ստացել, ինչը հոր խոսքով՝ իրենց զրկել է երեխայի աչքը փրկելու հնարավորությունից։

«Ես երկու տարի անընդհատ դիմել եմ իրենց, եւ միայն չորրորդ անգամ եմ ստացել վիզա, եւ այդ ժամանակ թողել են ծնողներից միայն մեկին: Ես տարել եմ իմ երեխային, եւ այնտեղ հետազոտելուց հետո ասել են, որ արդեն շատ ուշ է: Երկու տարին դա փոքր ժամկետ չի, եւ մի օր էլ, որ շուտ լիներ, գուցե չկուրանար»,- NEWS.am-ին պատմեց երեխայի հայրը:

Ռոման Զաքյանի խոսքով, երեխային առաջին անգամ 1 ամսականում են վիրահատել Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: «Բժիշկներն ասեցին, որ շտապ անհրաժեշտ է վիրահատություն անել: Երեխան 1 կգ 100 գրամմ քաշով 1 ամսական ժամանակ է առաջին անգամ ենթարկվել վիրահատության, եւ ես մինչեւ հիմա ինձ եմ մեղադրում, որ ես ստորագրեցի եւ թույլ տվեցի անել վիրահատությունը»,- ասաց երեխայի հայրը:

Ժամանակի ընթացքում փոքրիկ Իգորի տեսողությունը վատթարացել է, եւ ծնողներն սկզբում երեխայի հիվանդության փաստաթղթերը ուղարկել են Մոսկվա, այնուհետեւ՝ Ֆրանսիա:

«Փարիզի «Adolphe de Rothschild» հոսպիտալից մեզ հրավիրեցին, որպեսզի գնանք, հետազոտություն իրականացնենք: Չորրորդ անգամ դիմելուց հետո ինձ վիզա տվեցին, եւ ես ստիպված առանց երեխայի մոր մեկնեցի այնտեղ»,- պատմեց Ռոման Զաքյանը։

Հետազոտությունն իրականացնելուց հետո ֆրանսիացի բժիկներն ասել են, որ հնարավոր է երեխայի աչքը պրոթեզավորել եւ մասամբ վերականգնել տեսողությունը: Երեխայի հոր խոսքով, հետազոտության ողջ ընթացքում փոքրիկ Իգորը անընդհատ լաց է եղել եւ մորը պահանջել: Իսկ աչքի խնձորակի սուբատրոֆիայի դեպքում լաց լինելը խստիվ արգելվում է:

«2014թ. սեպտեմբերի 26-ին պետք է կրկին վերադառնանք Ֆրանսիա, քանի որ հոկտեմբերի 3-ին երեխային սպասվում է երկրորդ վիրահատությունը: Քանի որ կինս, որը 25 տարեկան է եւ ոչ մի լեզու չգիտի, ես չեմ կարող նրան եւ երեխային մենակ ուղարկել: Ես իրենց դիմել եմ, որպեսզի մեզ երկուսիս թողնեն գնալ Ֆրանսիա: Սակայն ինձ կրկին մերժել են եւ ասել, որ ծնողներից միայն մեկը կարող է երեխայի հետ մեկնել»,- ասաց Ռոման Զաքյանը:

Երեխայի հոր կարծիքով՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մերժում է ծնողներից երկուսին թույլտվություն տալ, քանի որ կարծում է, որ իրենք կլքեն երկիրը: «Ես իրենց խոստացել եմ, որ մենք կվերադառնանք, քանի որ հիվանդ ծնողներ ունեմ, որոնց ես եմ պահում: Հայրս երեք անգամ ինսուլտ է տարել, թոշակառու է: Ես այնտեղ գնում եմ երեխային բուժելու, ոչ թե հանգստանալու եւ մնալու»,- ասաց նա:

 Նշենք, որ NEWS.am-ին չհաջողվեց կապվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ եւ մեկնաբանություն ստանալ։

Տպել
Ամենաշատ