Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին երթեւեկությունը վերականգնվել է: Օգոստոսի 28-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Լերմոնտով գյուղի մոտակայքում, նախնական տվյալներով տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածում (15 կմ) հորդառատ անձրեւների հետեւանքով ճանապարհը լցվել է ջրաբերուկներով, ինչի արդյունքում էլ երթեւեկությունը դարձել է միակողմանի:
Հրշեջ-փրկարարները «Լոռու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ժամը 19.50-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է: