News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին տասը տարիներին զարգացող հանքարդյունաբերությունը իրականում հանքակերություն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Աննա Աղլամազյանը՝ ընդգծելով, որ եթե նման տեմպերով հանքարդյունաբերողները շարունակեն, ապա 10 տարի հետո Սյունիքի մարզում ապրելու տեղ չի լինի:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր գետերի եւ ջրերի հետ, եւ նմանատիպ գործունեությունը ուղղակի արկածախնդրություն է: Մի քանի կոպեկի համար շրջակա միջավայրը թունավորել եւ վտանգելը պարզապես անթույլատրելի է, եւ եթե մենք այս տեմպերով շարունակենք՝ տասը տարի հետո Սյունիքի մարզում ապրելու տեղ չենք ունենա»,- ասաց Աննա Աղլամազյանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի խոսքով, այս ամենի պատճառն այն է, որ Հայաստանում հանքարդյունաբերողների համար ոչ մի պարտավորություն չի գործում։

«Այսօր Հայաստանում մոտավորապես 518 հանքավայր կա, եւ բոլոր հանքավայր շահագործողները պետության կողմից ազատվել են հարկերից: Եթե հանքը շահագործողները հարկ վճարեին պետական գանձարան, այդ թիվը կկազմեր մոտավորապես 812 մլն դոլար, քանի որ միայն 347 հազար տոննա հանքաքարում կա մոտավորապես 1 ու կես տոննա ոսկի եւ 4 տոննա արծաթ: Եվ այս երկուսը միասին կազմում է մոտավորապես 64 մլն դոլար»,- ասաց Հակոբ Սանասարյանը:

Խոսելով «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի կողմից Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման հարցում գյուղացիների վերաբերմունքի մասին՝ Աննա Աղլամազյանը նշեց, որ համայնքը քիչ ներգրավվածություն է դրսեւորել: «Օգոստոսի 21-ից սկսվել են հանրային լսումները, եւ գյուղացիները շատ քիչ թվով էին մասնակցում քննարկումներին: Նրանք, ովքեր ներկա էին, իրենց համագյուղացիների չներկայանալը բացատրում էին այն հանգամանքով, որ նախապես արված հայտարարության մասին շատ քչերն են տեղյակ եղել»,- ասաց Աննա Աղլամազյանը՝ ավելացնելով, որ հանքարդյունաբերողները աղքատ վիճակում ապրող գյուղացիներին խոստումներ են տալիս, 200 հազար դրամ աշխատավարձ վճարում, խոստանում 7 տարի հետո աշխատանքով ապահովել, եւ հնարավոր է՝ դա է պատճառը, որ գյուղացիները պասիվություն են դրսեւորում։

Նշենք, որ միայն Սյունիքի մարզը, որն ընդամենը 4500 քառ կմ է, ունի 22 մետաղական հանքավայր, որը շահագործվում է, 11 մեռյալ պոչամբար եւ 28 մետաղական հանքավայր, որոնք դեռ սպասում են շահագործման:

Տպել
Ամենաշատ