Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարեւորեց նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը եւ Լիտվան հաջողությամբ փոխգործակցում են, հաճախակի են բարձրաստիճան փոխայցելությունները։
Էդվարդ Նալբանդյանը առանձնահատուկ ընդգծեց Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ Ազգային Ժողովի հետ բարեկամության խմբի գործունեության կարեւորությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ գործունեության բարձր գնահատականի համար` լիտվացի խորհրդարանականները վստահեցրին, որ շարունակելու են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ։
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։