News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ուսումնական տարվա առաջին օրը NEWS.am-ի թղթակցի հետ խոսել է Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված քայլերի եւ ՀԱՕԿ-ի հետ հարաբերությունների մասին:

Պարոն Ղազարյան, հիշո՞ւմ եք Ձեր առաջին օրը մարզադպրոցում: Ի՞նչ զգացողություն ունեիք:

Իհարկե, հիշում եմ, ութ տարեկան էի, երբ գնացի մարզադպրոցի բասկետբոլի խմբակ: Ուրախությամբ եմ գնացել, այնուհետեւ շարունակել եմ, ընդունվել եմ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ իմ ցանկությամբ եւ մինչեւ այսօր աշխատում եմ սպորտում:

Արդյոք մարզադպրոցներում ու Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում ստացած գիտելիքները բավարար են սպորտում լուրջ հաջողությունների հասնելու եւ չեմպիոն դառնալու համար:

Ֆիզկուլտուրայի ինստիտուտն այսօր լուրջ մասնագետներով լի է, մեր մասնագետները նաեւ արտասահմանում ճանաչում ունեն, մեր դասագրքերով արտերկրում դասընթացներ են կազմակերպվում: Մեր պոտենցիալն ուժեղ է, բոլորը գիտությունների թեկնածուներ են սպորտային մանկավարժության:

Պարոն նախարար, օլիմպիական չեմպիոններ դառնալու համար այսքանը կարծում եմ բավարար չէ: Հայաստանում ընդամենը մի քանի սպորտաձեւերում ենք ուժեղ, չնայած Նանջինգում լավ արդյունքներ ցույց տվեցինք:

Նայեք Չինաստանն իր տարածքով եւ բնակչությամբ եւ նայեք Հայաստանին: Բնականաբար, սպորտում մենք չինացիներից առավել ենք, միանշանակ եմ դա ասում, դա է պետք հաշվի առնել:

Մեր երկրում այսօր զարգացած են ծանրամարտը, բռնցքամարտը, ըմբշամարտը, շախմատը, այս մարզաձեւերում չեմպիոններ ունենք եւ առհասարակ ուժեղ մրցակից ենք մեծ պետությունների համար: Այս մարզաձեւերից բացի էլ ո՞ր սպորտաձեւերն է սպորտի նախարարությունը պատրաստվում զարգացնել:

Նախարարությունը բնականոն հունով ավանդական մարզաձեւերը զարգացնում է, ֆեդերացիաներն աշխատում են, եւ մենք պետք է մանկապատանեկան սպորտը զարգացնենք: Մենք վերակենդանացնում ենք նաեւ մոռացված սպորտաձեւերը:

Միթե այդ մարզաձեւերի նկատմամբ հետաքրքրություն կա, պարոն Ղազարյան:

Մենք փորձում ենք, իհարկե դժվար է, բայց հետաքրքրություն կա: Եթե չլիներ, մենք չէինք աշխատի, բայց աշխատում ենք, որ հետագայում արդյունքը տեսնենք: Համոզված եմ, որ շուտով արդյունքը կերեւա:

Ինչպե՞ս է նախարարությունը համագործակցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Բոլորիս է հայտնի, որ Յուրի Վարդանյանը խնդիրներ ուներ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

Սպորտի նախարարությունը պետական կառույց է, որն իրականացնում է պետական մի շարք ծրագրեր, քաղաքականություն է՝ ուղղված սպորտի եւ ֆիզկուլտուրայի զարգացմանը: Մենք աշխատում ենք հիմա սպորտի եւ ֆիզկուլտուրայի մասսայականացման, մանկապատանեկան սպորտի զարգացման վրա, Օլիմպիական կոմիտեն գործընթացը կազմակերպում է բարձր նվաճումների համար: Ուզենք-չուզենք պետք է համագործակցենք, ամեն դեպքում մեր հարաբերությունները բարիդրացիական են: Չգիտեմ, նախորդի հետ ոնց է եղել, բայց եթե ուզում ենք աշխատանքներով առաջ գնալ, ուրեմն մենք պետք է համագործակցենք:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը

Տպել
Ամենաշատ