News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին  խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան:

Սեյմասի պատվիրակությունը հանդիպել է Արցախի խորհրդարանի՝  Լիտվայի հետ բարեկամության խմբի անդամներին:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերում են օրենսդրական, կրթական, գիտական, մշակույթի եւ առողջապահության ոլորտներին:

Այնուհետեւ Լիտվա-Արցախ բարեկամական խմբի պատվիրակությանը ընդունել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Լիտվայի Սեյմասում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծումը, նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համար միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ էր:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբերի նախագահներ Դալիա Կուոդիտեն եւ Վահրամ Աթանեսյանը ԼՂՀ ԱԺ նախագահին են ներկայացրել աշխատանքային քննարկման արդյունքները:

Լիտվայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Դալիա Կուոդիտեն իր խոսքում նշել է, որ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ իրենք առաջնորդվել են այն գաղափարով, որ Արցախն առաջինն է նախկին Խորհրդային Միությունում բարձրացրել ազատության դրոշը եւ Արցախի ձայնը պետք է այժմ էլ լսելի լինի միջազգային հանրության կողմից:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Լիտվա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին պարգեւատրեց Ղարաբաղյան շարժման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Լիտվայի Սեյմասի պատվիրակությանն ուղեկցում էին Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ «Լիտվա-Հայաստան ֆորում»ի համադրող Արմեն Հայրապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ