News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը եւ անչափահասների գեղագիտական զարգացման կենտրոնը նոր աշխատատեղեր կստեղծեն ազատազրկումից հետո աշխատել ցանկացողների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նա այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ անչափահաս դատապարտյալներին շնորհավորելու Գիտելիքի օրվա կապակցությամբ եւ մասնակցելու դատապարտյալների ավարտական վկայականների եւ միջին մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթերի հանձնման արարողությանը:

«Կանայք հնարավորություն ունեն միջին մասնագիտական կրթություն ստանալ, տարբեր դասընթացների մասնակցել եւ հմտություններ ձեռք բերել՝ որպես հաշվետար եւ համակարգչային օպերատոր: Մենք աշխատում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության հետ, որպեսզի այդ խնդիրներին լուծում տանք: Մենք փորձելու ենք աշխատատեղեր ինքներս ստեղծել, որ եթե, օրինակ, կավագործություն այստեղ են անում, շարունակեն աշխատել ազատազրկումից հետո»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ իրենց պատիժը կրելուց հետո ազատության մեջ աշխատանք են գտել, սկսել են գյուղատնտեսությամբ զբաղվել. «Մեր դատապարտյալների հիմնադրամն ունի բավարար աշխատատեղեր, որպեսզի գյուղատնտեսության մեջ ապահովի անձանց զբաղվածությունը, եւ նրանք աշխատում են արդեն պատիժը կրելու ընթացքում: Բայց դա վերաբերում է բաց տիպի դատապարտյալներին: Հանրապետությունում ունենք միջին մասնագիտական կրթությամբ աշխատակիցների կարիք, մասնավորապես՝ շինարարության, շենքերի ներքին հարդարման բնագավառում»:

ՔԿՀ-ի միջնակարգ դպրոցում այս տարի կսովորի 8 աշակերտ: Արդարադատության նախարարությունն այդ անչափահասներին դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ նվիրեց: Նվերներ ստացան նաեւ այն կանայք, ում երեխաներն այս տարի առաջին անգամ են դպրոց գնալու:

Նախարարի տեղակալը կարծում է, որ այցելություններն ու նվերները քաջալերում են անչափահաս դատապարտյալներին: «Արդարադատության նախարարի համար կարեւոր է, որ մենք այցելենք քրեակատարողական հիմնարկ եւ քաջալերենք անչափահասներին, որպեսզի սովորեն, իրենց գիտելիքները կիրառեն կյանքում: Կրթությունն ու ուսումն են այն գործիքը, որն օգնելու է մեր անչափահասներին ճիշտ կյանքի վերադառնալ, վերաինտեգրվել հասարակությանը»,- հավելեց Սուրեն Քրմոյանը:

Տպել
Ամենաշատ