News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Վեվ» սուպերմարկետի մոտ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով արդեն վեց ամիս է՝ նախաքննություն է ընթանում:  NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնեցին, որ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված գործով (խուլիգանություն) նախաքննությունը շարունակվում է, որեւէ նորություն չկա:

Զրուցեցինք նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որեւէ նորություն չունի քրեական գործից, երբ վերադառնա Հայաստան, կփորձի ճշտել, թե ինչ փուլում է քննությունը: «Հարցաքննության չեմ գնացել, չեմ կանչվել: Ես միջադեպի հետ կապ չունեմ, ընդամենը անցել եմ գլխավոր ճանապարհով, տեսել եմ, որ վիճաբանություն է, երկու կողմն էլ իմ ընկերներն են եղել, իջել եմ, խոսացել եմ, ասել եմ, որ չի սազում ու էլ չգիտեմ»,- նշեց նա:

Դավիթ Քոչարյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ԲՀԿ-ի հետ խնդիրները հարթվել են, քանի որ նախկինում դիմումներ էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու, մանդատը վայր դնելու վերաբերյալ: «Ամեն ինչ անցավ, լարվածություն չեմ էլ ունեցել, ուրախ եմ, որ ԲՀԿ-ի անդամ եմ, լարվածություն ընդհանրապես չեմ էլ ունեցել: Ես ԲՀԿ անդամ եմ, ԲՀԿ խմբակցության անդամ եմ ու միշտ էլ ասել եմ, որ ուրախ ու հպարտ եմ, որ ԲՀԿ-ի անդամ եմ»,- նշեց պատգամավորը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 9-ին, երեկոյան, Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:

Նշենք, որ պատգամավորը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էր գրել, այնուհետեւ դիմում էր ներկայացրել մանդատը վայր դնելու վերաբերյալ: Ավելի ուշ հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը:

Տպել
Ամենաշատ