News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Ոսկե Ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի հուլիսի 11-18-ը: Կինոփառատոնը բացվելու է  Անրի Վեռնոյի  «Մայրիկ» ֆիլմով եւ փակվելու է Սերժ Ավետիքյանի  «Շան պատմությունը» անիմացիոն ֆիլմով, որն այս տարվա Կաննի կինոփառատոնում ճանաչվել է լավագույնը կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին  կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: Կինոփառատոնում այս տարի եւս կներկայացվի 3 մրցութային ծրագիր՝ միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմերի եւ հայկական համայնապատկեր:

Խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկվել են 13 ֆիլմ: Ներառյալ նաեւ Սերգեյ Լոզնիցիայի «Իմ ուրախություն» ֆիլմը, որը մասնակցել է  Կաննի փառատոնին: Նույն փառատոնին  ներկայացված Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը եւս ներկայացված է այս մրցութային ծրագրում:

Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել է թուրք ռեժիսոր Ռեհամ Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: Ստամբոլցյանի խոսքով, այս  ֆիլմն ունի հետաքրքիր  տրամաբանություն եւ հոգեբանություն:

Միջազգային եւ հայկական համայնապատկեր ֆիլմերի մրցույթներում ներկայացված են երկու հայկական ֆիլմ՝  Վիգեն Չալդրանյանի «Մաեստրոն»  եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» կինոնկարը:

Միքայել Ստամբոլցյանը նաեւ ասաց, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպիչները որոշել էին մրցութային ծրագրից դուրս ներկայացնել գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին:

«Մենք ուզում էինք այդ առնչությամբ հատուկ ցուցադրություն կազմակերպեինք եւ ոչ թե մրցույթի մեջ դնեինք ֆիլմը, սակայն ռեժիսորը  ուզում է, որ մրցույթի մեջ լինի, մենք եկանք այն եզրակացության, որ դնենք մրցույթի մեջ, բայց հանդիսատեսի համար հատուկ ցուցադրություն կկազմակերպենք «Մոսկվա» կինոթատրոնում»,-ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրենը, իսկ Սուսաննա Հարությունյանն էլ իր հերթին հավելեց, որ ֆիլմը մեծ արձագանք է գտել Գերմանիայում: Ֆիլմի ստեղծողները նույնիսկ սպառնալից նամակներ են ստացել թուրքերից:

Կինոփառատոնի ժյուրիի կազմում այս տարի ընդգրկվել են հայտնի  ռեժիսորներ Թոր Ֆրիդրիքսոնը, Ռոբ Նիլսոնը, Սեմիհ Կապլանօղլուն, Վլադիմիր Ալենիկովը, Բարաբարա Լորեյը, Արա Շիրինյանը եւ այլք:

«Ոսկե Ծիրանին» ներկա են լինելու  նաեւ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ