Քաջարան քաղաքում սեպտեմբերի 5-ից աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել։ Սյունիքի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն 10-ը բնակիչ է տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որոնցից 7-ը՝ քաջարանաբնակներ, 3-ը՝ Քաջարանում աշխատող կապանցիներ։

Հիվանդներին ուղեգրով Կապան են տեղափոխում, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում կա ընդամենը մեկ հիվանդասենյակ ՝ 3 հոգու համար։

Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել։ «Հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղից հերքեցին բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե վարակը ջրից է։

«Հետազոտություններ ենք իրականացվել և բացառվում է, որ վարակը ջրից լինի»,- NEWS.am-ին ասաց մասնաճյուղի տնօրեն Ռիտա Ջհանգիրյանը։

Հիվանդությունն ուղեկցվում է փորլուծությամբ եւ բարձր ջերմությամբ։ Քաջարանի բնակիչ Հրաչ Ստեփանյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 3 օր է, ինչ ջերմություն ունի, սակայն այսօր առավոտյան է հիվանդանոց տեղափոխվել։ Նրա խոսքով՝ Քաջարանում կան նույն ախտանշաններով այլ հիվանդներ։

Հետազոտությունները շարունակվում են, «Հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղից խոստանում են առաջիկա 3 օրերին պարզել ինֆեկցիոն  հիվանդության բռնկման պատճառները։