Նույնիսկ եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015-ի ապրիլի 24-ին այցելի Հայաստան, դա տեղի կունենա ոչ այն մտադրությամբ, որով դրան սպասում է հայկական կողմը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ դա ոչ մի կերպ չի ազդի Թուրքիայի կառավարության ներկա մոտեցումների վրա:
Մանոյանի համոզմամբ՝ Էրդողանի ընտրությունը նախագահի պաշտոնում եւ Ահմեդ Դավութօղլուի նշանակում վարչապետի պաշտոնում ոչ մի հիմք չեն տալիս համարելու, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը որեւէ փոփոխության կենթարկվի:
«Թուրքիայի ներկա նախագահը գործում է այնպես, կարծես սահմանադրական փոփոխություններն արդեն կատարվել են եւ նախագահի լիազորություններն ընդլայնվել են: Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլի համեմատությամբ, Էրդողանը ավելի ակտիվ է թե արտաքին, թե ներքին քաղաքական հարցերում»,-ընդգծել է Կանոյանը: