News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վահե Հակոբյանին աշխատանքից չեն ազատել, նա հրաժարական չի տվել. հանրապետության նախագահը նրան վստահել է ամենաբարդ եւ ամենապատասխանատու պաշտոններից մեկը: Սյունիքի նախկին մարզպետի՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ նշանակվելը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը, որը Վահե Հակոբյանի մտերիմ ընկերներից է:

«Վահեի համար ես շատ ուրախ եմ, նրան ավելի բարձր պաշտոն են տվել, հանրապետության նախագահն ամենապատասխանատու ոլորտներից մեկը հենց իմ ընկերոջն է վստահել»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի վերադարձին, գործարարը պատասխանեց. «Լիսկա թեման ինձ համար լրիվ փակ է, ինքն ո՞վ է, որ ես նրա մասին կարծիք հայտնեմ, կամ ինչ-որ կերպ վերաբերվեմ: Ինձ համար էդ թեման փակ է, ես քաղաքական գործիչ չեմ, ես գործարար եմ, որին Լիսկան չի հետաքրքրում»:

Նշենք, որ Գորիսի քաղաքապետի հունիսին կայացած ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել նաեւ Տիգրան Կարապետյանը, որը սակայն վերջին պահին ինքնաբացարկ ներկայացրեց: Ըստ մամուլի՝ գործարարին ՀՀԿ-ից էին ստիպել ինքնաբացարկ ներկայացնել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Վահե Հակոբյանն ազատվեց աշխատանքից եւ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ: Սյունիքի մարզպետի ամենահավանական թեկնածուն ըստ հրապարակումների Սուրիկ Խաչատրյանն է, որը 2013թ. հունիսի մեկին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։

Տպել
Ամենաշատ