News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայ աճպարարների միության փոխնախագահ, 22-ամյա գյումրեցի Հայկ Միքայելյանի  աճպարարի կարիերան սկսվել է 13 տարեկանից՝ աճպարարության մասին գրքեր ուսումնասիրելով: Դպրոցական տղայի հոբբին տարիներ հետո դարձել է նրա աշխատանքը։

«Ինձ համար հաջողության գաղտնիքն ամեն ինչի հանդեպ սերն է եղել: Ամենակարեւոր  նախադրյալն այն  էր, որ երկար մատներ ունեի, խաղաթղթերով հնարքներն արագ ու հեշտությամբ էի սովորում։ Երկրորդ նախադրյալն այն էր, որ ես գյումրեցի էի, ինձ ամեն ինչ հեշտ էր տրվում, հումորով էի, աշխատասեր էի: Աշխատասիրությունը շատ կարեւոր է. օրական վեց-յոթ ժամ պետք է պարապես ու պարապես,  համատեղես ուրիշ աշխատանքի հետ»,-NEWS.am-ին պատմեց Հայկ Միքայելյանը:

13 տարեկանում Գյումրիից Երեւան տեղափոխված Հայկը աճպարարության պարզ հնարքներին ծանոթացել է մի գրքում, որը հորեղբորից էր նվեր ստացել: Դպրոց հաճախելու հետ մեկտեղ Հայկը ժամեր շարունակ ինքնուրույն պարապել է՝ աճպարարի արվեստը յուրացնելու համար: «Դպրոցական տարիներին իմ հանդիսատեսը դասարանի երեխաներն էին։ Այդպես պարապեցի, մինչեւ առաջին բեմական ելույթս եղավ դպրոցում՝ իմ վերջին զանգին: Մինչեւ հիմա էլ երբ գնում եմ դպրոց, ուսուցիչներն այդ ելույթը հիշում են»,-ասաց Հայկը:

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվել է համալսարան, ստացել ծրագրավորողի մասնագիտություն։ Այդ ընթացքում ծանոթացել է մի քանի այլ աճպարարների հետ, որոնցից նրա համար ճակատագրական է եղել  հայտնի աճպարար Վարդան Ամիրյանի հետ ծանոթությունը: Հայկի հոբբին հետզհետե վերածվել է ավելի լուրջ զբաղմունքի, միկրոմագիայից (աճպարարության այն ճյուղը, որը ցուցադրվում է փոքր հեռավորությունից) անցել է բեմական հնարքներին:

«Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել մասնագիտական գրականություն: Այն ժամանակ այսքան շատ միջոցներ չկային: Մի հեռուստաշոու կար, որտեղ մի աճպարար բացահայտում էր հնարքների գաղտնիքները, ձայնագրում, նայում էի: Այդպիսով 2008թ. անցում կատարեցի ավելի լուրջ փուլի, արդեն երկրորդ բեմական ելույթս եղավ «Շանթ» հեռուստաընկերության «Թաքնված տաղանդը» նախագծում, հասա մինչեւ կիսաեզրափակիչ փուլ»,- պատմեց Հայկը:

Հայկի հետագա ելույթները եղել են Աճպարարների միության կազմում, որը Վարդան Ամիրյանի ղեկավարությամբ ստեղծել են 2012թ.: Միության  ստեղծումից անմիջապես հետո փոխնախագահ նշանակված Հայկն արդեն մեկ անգամ Հայաստանը ներկայացրել է արտերկրում՝ մասնակցելով Ռումինիայի աճպարարական փառատոնին:

Հայաստանի  սահմանից դուրս ու նրա տարածքում տարբեր միջոցառումների մասնակցած աճպարարի խոսքով՝ ամենից դժվարը հայ հանդիսատեսին զարմացնելն է. «Հայաստանում բոլորը մտածում են, թե իրենք կռահում են բոլոր հնարքների գաղտնիքները: Բայց դա այդպես չի: Լինում են մարդիկ, որոնք իսկապես կռահում են, բայց մենք իրենց չենք ասում, որ կռահել են»:

Հայկի խոսքով՝ մասնագիտական պարտականություններից մեկն էլ գաղտնքիները չբացահայտելն է: Հնարավոր է՝ որոշ պարզ հնարքներ սովորեցնի մտերիմներին, բայց հիմնական գաղտնիքները մնում են Աճպարարների միության ներսում։

Հայկին մտերիմներն այլեւս չեն խնդրում բացահայտել հնարքների գաղտնիքները, ավելին՝ դադարել են իրեն վերաբերվել որպես աճպարարի. «Երեւի մարդիկ մտածում են՝ ով ինձ տեսնում է, ասում է՝ ֆոկուս ցույց տուր: Դա նոր շրջապատում է, բայց այն  մարդիկ, ովքեր քեզ շրջապատում են, իրենք մոռանում են, որ դու աճպարար ես, քեզ հետ շփվում են որպես ուղղակի մարդու»:

Հայկին նոր ճանաչող մարդիկ ամենից շատ խնդրում են ցուցադրել հայտնի նապաստակի, աղջկան կիսելու հնարքները, նաեւ այնպիսի հնարքներ, որոնց ինքը հումորով է վերաբերվում. «Անծանոթները որ իմանում են՝ աճպարար եմ, մտածում են՝ ուր գնամ, պետք է գլխարկից նապաստակ հանեմ: Հայ ամուսիններն էլ ասում են՝ այնպես  արեք, որ իմ կինը անհետանա։ Ես էլ ասում եմ՝ միայն կնոջ համաձայնությամբ»:

Արդեն 100-ից ավելի հնարքների տիրապետող 22-ամյա Հայկի խոսքով՝ սա միայն իր կարիերայի սկիզբն է, ցանկանում է այցելել ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաք, դիտել աշխարհի ամենահայտնի աճպարարների ելույթները, հետագայում նրանց հրավիրել Հայաստանում իր նախաձեռնած աճպարարների փառատոնին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ