News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիան քաղաքակիրթ աշխարհի առջեւ ցուցադրում է իրական դեմքը՝ փաստացի աջակցելով ծայրահեղական ահաբեկիչներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբետ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ ԱՄՆ-ի նախաձեռնած կոալիցիային միանալուց Անկարայի հրաժարվելու հանգամանքը:

Նա հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Թուրքիան հրաժարվել է իր դաշնակից ԱՄՆ-ի հետ մասնակցել ռազմական տարբեր գործողությունների, ինչպես, օրինակ, 2003 թվականին Իրաքում: «Այն ժամանակ նույնպես թուրք-ամերիկյան հարաբերությունները լարվեցին, ամեն դեպքում, նրանք դաշնակիցներ մնացին: Այս անգամ նույնպես կարելի է ասել, որ հարաբերությունները, իհարկե, սրվել են, բայց չեմ կարծում, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն կդադարեն ռազմական դաշնակիցներ լինել, քանի որ այդ համագործակցությունը բավական խորը արմատներ ունի»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքիայի նման պահվածքը, նրա համոզմամբ, բնական է, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնց համաձայն՝ Թուրքիան օգնել է ահաբեկիչների գործողություններին ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ երկրներում: «Եվ տարօրինակ կլիներ, եթե Թուրքիան պայքարեր կամ մասնակցեր իր դաշնակիցների՝ Իրաքի ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններին»,- հավելեց թուրքագետը:

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից պատասխան համարժեք քայլերի մասին հարցին՝ Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմությունը ցույց է տվել. ամերիկյան կողմի խիստ քայլերը սահմանափակվում են կա՛մ հայտարարություններով, կա՛մ Թուրքիայի հանդեպ որոշ պատժամիջոցներով, որոնք արագորեն ավարտվում են:

«ԱՄՆ-ն Թուրքիայի կարիքն ունի՝ վերջինի աշխարհագրական եւ ռազմավարական դիրքի շնորհիվ: Քանի դեռ դա այդպես է, Թուրքիայի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները խիստ չեն լինելու, միշտ գոյություն է ունենալոի սառը քաղաքական հաշվարկը, եւ ԱՄՆ-ն շարունակելու է Թուրքիայի հանդեպ հանդուրժողական քաղաքականությունը՝ խախտելով սեփական սկզբունքները»,- ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում արաբական մի շարք պետությունների ղեկավարներ ստորագրեցին Վաշինտգոնի մշակած դեկլարացիան՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիա ստեղծելու մասին: Փաստաթղթի տակ ստորագրել են Իրաքի, Լիբանանի, Եգիպտոսի, Հորդանանի, ինչպես նաեւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարները: Թուրքիան հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ