News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով վեց տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի ներկայացրած 4 միջնորդությունները՝ հիմնավորելով, որ այս միջնորդությունների բավարարմամբ նոր ապացույցներ ի հայտ չեն գա։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Զաքարյանը դատարանին 4 միջնորդություն էր ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին,  ԱԱԾ ահաբեկչության եւ սահմանադրական կարգի խախտման դեմ  պայքարի վարչությունից ներկայացնել իր պաշտպանյալին հետապնդելու հիմքերը եւ անթույլատրելի ճանաչել այն վկաների ցուցմունքները, որոնք դատարան չեն ներկայացել։

«Հաշվի առնելով, որ կողմերն այլ միջնորդություն չեն ներկայացրել դատարանը գնում է խորհրդակցակա սենյակ՝ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի օրվա ընթացքում»,-ասաց դատավորը։

Դահլիճում հավաքված ազատամարտիկները վրդովված սկսեցին աղմկել։ Վոլոդյա Ավետիսյանին սատարող տարեց մի կին մոտեցավ մեղադրողին եւ սկսեց անիծել նրան. «Դու Աստծուն պատասխան ես տալու, քո հոգու դեմ, քո սրտի դեմ, դու հիշի, որ քնես, առավոտ լույսը չես տեսնի, լույսը չի բացվի քո վրա, քո հաջողությունները խափանվելու են, հիշի»,-ասաց նա։

Նշենք, որ ընդմիջմանը Վոլոդյա Ավետիսյանին դատարանը թույլատրեց տեսակցել իր երեք անչափահաս երեխաների հետ։

Նշենք, որ Վերաքննիչն այսօր քննում է ազատամարտիկին 6 տարի, 6 ամիս ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկող հայցը։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ